ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում կիբերանվտանգության բարելավմանը
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում այսօր քննարկվեցին կիբերանվտանգության, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների անվտանգության հիմնահարցերը։
Քննարկմանը, որը կազմակերպել էր Հայաստանի եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և Նյու Յորքի Ալբանի պետական համալսարանի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ներկա էին ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչության, կրթական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Սեմինարին ներկա էր նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, ով իր խոսքում կարևորեց նմանօրինակ սեմինարների կազմակերպումը և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական:
«Նման քննարկումները և փորձի փոխանակումը կնպաստեն Հայաստանում պետական և մասնավոր հաստատությունների տեղեկատվական անվտանգության բարելավմանը, ինչպես նաև կիբեռհանցագործությունների դեմ պայքարի էլ ավելի հմտորեն իրականացմանը»,-ասաց Արտաշես Ավոյանը:
ԵԱՀԿ գրասենյակի կիբերանվտանգության զարգացման բաժնի ներկայացուցիչ Նեմանյա Մալիսևիչը նշեց, որ կիբերսպառնալիքների և անվտանգության նկատմամբ Հայաստանը լուրջ վերաբերմունք ունի, և այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը ԵԱՀԿ գրասենյակի հիմնական նպատակներից մեկն է:
«Այսօր մենք ունենք հատուկ մասնագիտացված բաժին, որը վերաբերում է կիբերանվտանգության զարգացմանը: Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ-ի այս ծրագրին: Երբ կիբեր գրոհ է տեղի ունենում, մեր առաքելությունն է սահմանափակել ու կանխել այն, որպեսզի չվերածվի իսկական հակամարտության: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցել այս ոլորտում»,-ասաց Նեմանյա Մալիսևիչը:
Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ Նյու Յորքի Ալբանի համալսարանի ներկայացուցիչ Սանջեյ Գոելը և ներկայացրեց, թե ինչ ազդեցություն ունեցավ սոցիալական մեդիան հասարակության և քաղաքականության վրա: Այս առումով, նա հատկապես առանձնացրեց Facebook սոցիալական ցանցը, որով, ըստ նրա, ցանկացած լուր շատ արագ տարածվում ու շրջանառվում է:
Սեմինարը կշարունակվի նաև վաղը, իսկ օգոստոսին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ծրագրում է տեղեկատվության անվտանգության զարգացմանն ուղղված երեքշաբաթյա սեմինար անցկացնել՝ ՀՀ գիտությունների ակադեմիայի ուսանողների և պաշտոնյաների համար:









