Ռուսաստանը կարող է հրաժարվել Գաբալայի ՌՏԿ վարձակալությունից. ՌԴ ՊՆ աղբյուր
ՌԴ-ն հիասթափված է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության հարցի շուրջ ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումից, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը:
«Անհասկանալի է ոչնչով չհիմնավորված տարեկան վարձավճարի տասնապատիկ թանկացումը»,- ասել է աղբյուրը:
Գաբալայի տարածքում գտնվող «Դարյալ» ՌՏԿ-ի վարձակալման մասին պայմանագիրը կողմերի միջև կնքվել է 2002թ.-ին` 10 տարի ժամկետով, տարեկան 7 մլն դոլար վարձավճարով: Այժմ վարձակալման պայմանագրի երկարացման համար Ադրբեջանը նոր գին է պահանջում` տարեկան 300 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, ՊՆ աղբյուրը պարզաբանել է, որ պահանջվող տարեկան վարձավճարը հավասար է ՌԴ տարածքում երկու նույնանման կայանի կառուցմանը:
«Բացի այդ, Գաբալայի ՌՏԿ-ն արդիականացման կարիք ունի, ինչի համար լրջագույն ծախսեր են հարկավոր»,- ասել է նա` հավելելով, որ ադրբեջանական կողմի պահանջները չեն համապատասխանում անցյալ տարի Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին:
«Հանգամանքների բերումով` ՌԴ ՊՆ-ն գտնում է, որ ռուսական կողմին ոչինչ չի մնում անել, քան լքել կայանը»,- ասել է նա:
Ավելի վաղ հրթիռային հարձակման նախազգուշացման ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ռոդիոնովը հայտարարել էր, որ Արմավիրի ՌՏԿ-ն կարող է փոխարինել Գաբալային, եթե ՌԴ-ին չհաջողվի պայմանավորվել Ադրբեջանի հետ:
«Մենք Արմավիրում կառուցել ենք հթրիռային հարձակման նախազգուշացնող կայան, որը կարող է ավելի լավ պաշտպանել հարձակումից, քան Գաբալայի կայանը»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ:









