Ռուսաստանում հայ կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկած քննիչին ազատ են արձակել (տեսանյութ)

13:57 • 24.05.12

ՌԴ ներքին գործերի նախարարության Պյատիգորսկի քաղաքային վարչության 22-ամյա քննիչ Վալերի Կոպչուկը կասկածվում է 50-ամյա Կարինա Գալոյանին վրաերթի ենթարկելու մեջ, հայտնում է Life News-ը: Սակայն, ներկայում նա ազատ է արձակված` ապացույցների բացակայության պատճառով: «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի մեքենայի տիրոջը հաջողվել է համոզել քննիչներին, որ կապ չունի Գորյաչևոդսկի գյուղում տեղի ունեցած վթարի հետ և պատկերացում չունի, թե ով է եղել իր մեքենայի ղեկին:


Ուշագրավ է, որ չնայած վթարից անցել է 3 օր, քննիչներին «չի հաջողվում» պարզել, թե ով է եղել մեքենայի ղեկին: Ի դեպ, հարուցված քրեական գործի մեջ նշված չէ նաև զոհի ազգանունը` չնայած, որ Գալոյանի դին արդեն հանձնվել է հարազատներին: Գործի նյութերում տուժողը նշվում է` որպես անձը չպարզված:

 

«Մեզ ոչ ոք չի այցելել, չի հարցաքննել, հետաքննության մասին ոչինչ չի հայտնել»,- պատմել է Գալոյանի հարսը` Նազիկ Կ.-ն` հավելելով, որ սկեսրոջ մահվան մասին իմացել են հարևաններից:

 

«Մենք Կարինային դիահերձարանից բերեցինք, այժմ պատրաստվում ենք հուղարկավորությանը»,- ասել է նա:

 

50-ամյա կինը վրաերթի էր ենթարկվել աշխատանքի գնալու ճանապարհին: Գրեթե դատարկ ճանապարհով մեծ արագությամբ սլացող մեքենան հարվածել է կնոջը հետևից:  Գործի քննությունը սկսվել է միայն այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել վթարի տեսագրությունը:


Նշվում է, որ Կոպչուկն ազատվել է աշխատանքից` ՆԳՆ աշխատակցի անունը արատավորելու համար:

 

«Չնայած նրան, որ, մեր ունեցած տվյալներով, ղեկին նա չի եղել, Քննչական վարչության ղեկավարությունը, այնուամենայնիվ, անթույլատրելի է համարում այն փաստը, որ մեքենան, որի ղեկին իրավապահ է եղել, փախուստի դիմեր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից` տուժողին օգնություն  չցուցաբերելով»,- այսպիսի տարօրինակ մեկնաբանություն են տվել ՌԴ Քննչական կոմիտեից: