Ստեղծվեց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

15:19 • 24.05.12

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացել հիմնադրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ:


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նիստի ժամանակ նշեց, որ ինստիտուտի հիմնադրամի նպատակները սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումն է, ինչպես նաև դրա հիման վրա արագացուցիչային տեխնոլոգիաների զարգացումը:


Կառավարության նիստում հաստատվեց նաև հիմնադրամի կանոնադրությունը:
«Մի խումբ ֆիզիկոսների ջանքերով կարողացել ենք այս ծրագրի շրջանակներում համագործակցել մի քանի հեղինակավոր կենտրոնների հետ: Արդեն իսկ մի քանի միլիոն եվրոյի սարքավորումներ ենք ստացել: Կարծում եմ` սա հեռանկարային և հավակնոտ ծրագիր է»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Վերջինիս խոսքով` այսօրվա որոշումը էական հնարավորություն կստեղծի ինստիտուտի կայացման համար:
«Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցիչի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:


Այն կունենա գիտական և կիրառական կարևոր նշանակություն ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար: