Կառավարությունը հաստատեց ԱՊՀ երկրների հետ համաձայնագրերի կնքման առաջարկությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակում մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկությունները:
Համագործակցության առաջարկությունները վերաբերում են մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման, արդյունաբերության ոլորտներին և արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծմանը, տեղեկատվության անվտանգության ապահովման բնագավառին, զբոսաշրջության խորհրդի ստեղծմանը:
«Այս համաձայնագրերը կկնքվեն Աշխաբադում մայիսի 29-30-ը կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացի այդ, ԱՊՀ շրջանակներում կստորագրվեն համաձայնագրեր համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանք կատարող սերտիֆիկացման մարմինների և փորձնական լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աշխատանքի արդյունքների փոխճանաչման, բույսերի կարանտինի հարցերի համակարգող խորհրդի ստեղծման վերաբերյալ:
Կառավարության այսօրվա նիստում ներառված էր ևս 54 հարց, որից 4-ը գաղտնի էին, իսկ 2–ը՝ լրացուցիչ ավելացված հարցեր էին:









