Սյունիքի մարզում հակակարկտային կայանների կառուցում դեռ չի նախատեսվում. ԱԻՆ
Թեև Սյունիքի մարզում արդեն մի քանի տարի է կարկուտը վնասում է բերքը, սակայն Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի նախատեսում մարզում հակակարկտային կայան կառուցել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:
«Առայժմ չի նախատեսվում Սյունիքում կառուցել հակակարտային կայան: Առաջին հերթին նախատեսվում է Արարատյան դաշտում, Լոռու մարզում»,- նշեց նա:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը Tert.am-ին հայտնեց, որ մայիսի 22-ին մարզում տեղի ունեցած կարկուտի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը դեռ չի ավարտել հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու աշխատանքները:
«Վնասի չափը ճշտվում է: Հաջորդ շաբաթվա մեջ պարզ կլինի, թե որքան է այն կազմում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի այգիներն ու ցանքատարածքները:
Վաչե Գրիգորյանի գնահատմամբ` սելավը և կարկուտը մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը. վնասվել են և՛ ցանքատարածությունները, և՛ ծառերը, և՛ խոտհարքը:
Գրիգորյանը նաև ասաց, որ ցանքատարածություններում արդեն ցանված է եղել ցորեն, գարի, կարտոֆիլ, լոբի:
Հարցին` արդյո՞ք, մարզպետարանը դիմել է ԱԻՆ-ին հակակարկտային կայանի կառուցման համար, Գրիգորյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ նման ցանկություն ունեցել ենք, երևի հնարավորությունների հարցն է: Առաջիկայում կփորձենք կրկին խնդրով զբաղվել, տեսնենք ի՞նչ է լինում, որովհետև տարեցտարի սա շարունակվում է»։
Իսկ հարցին՝ հանրապետությունում ինչքա՞ն կարկտավտանգ նման տարածքներ կան, որոնք պաշտպանված չեն, ՊՈԱԿ տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը պատասխանեց, որ հանրապետության ամբողջ տարածքն էլ կարկտավտանգ է: Հակակարկտային կայանների կառուցման ժամանակ, սակայն, նրա խոսքով, առաջնահերթությունը տրվում է դաշտային տարածքներին:
«Հանրապետության ամբողջ տարածքն էլ կարկտավտանգ է: Լեռնային տարածքներում վնասները մի փոքր ավելի քիչ են լինում, քանի որ գյուղատնտեսական մշակաբույսերը համատարած չեն և հիմնականում հացահատիկ է, իսկ Արարատյան դաշտում՝ բանջարաբոստանային և պտղատու այգիներ են»,– ասաց նա:
«Լեռնային շրջաններում կարկուտի վնասներն ավելի քիչ են լինում, չնայած այնտեղ ավելի կարկտավտանգ է, դրա համար, առաջին հերթին տեղադրվում է այն տարածքներում, որտեղ իրականացվում է ինտենսիվ մշակություն»,-նշեց նա:
Հովսեփյանի տեղեկացմամբ`մնացել են հատուկենտ գյուղեր, որտեղ գտնվող հակակարկտային կայանները դեռ չեն լիցքավորվել: Դրանցից մեկը Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղն է, որը կայանի կառուցման օրվանից, Հովսեփյանի խոսքով, դեռ ոչ մի անգամ չի լիցքավորվել և, մշտապես, ԱԻՆ-ն է զբաղվել դրա լիցքավորմամբ:
Ռոբերտ Հովսեփյանը հայտնեց, սակայն, որ գյուղապետերը խոստացել են մի քանի օրից լիցքավորել բոլոր կայանները: Հանրապետությունում կարկուտների շրջանը, նրա խոսքով, կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի կողմից այս տարի նախատեսվող 35 հակակարկտային և 9 շարժական կայանների կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երեսունհինգ կայաններից 14-ը կկառուցվեն Արմավիրի, 15-ը` Արագածոտնի և 6-ը` Լոռվա մարզերում:
Ներկայում հանրապետության կարկտավտանգ շրջաններում` Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերում կան 119 հակակարկտային կայաններ, որոնք պաշտպանում են 9,400 հա հողատարածք:









