Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է մեկնել Ուկրաինա` Եվրո-2012-ի խաղերը դիտելու

11:19 • 24.05.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հասկացնել է տվել, որ չի մեկնի Ուկրաինա` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտելու` այդ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, սակայն այն ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայում, լուրջ խնդիր է ներկայացնում»,- հայտարարել է նախագահը:


Օրեր առաջ Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առումով հերթական անգամ անհանգստություն էր հայտնել Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հավելել, որ Եվրամիության Խորհուրդը կքննարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քաղաքական բոյկոտի հարցը:

 

Մայիսի 4-ին Սպորտի հարցերով եվրահանձնակատար Անդրուլա Վասիլիուն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն այցելի Եվրոպայի առաջնության խաղերին:

Մայիսի 8-ին Ուկրաինան չեղյալ հայտարարեց Յալթայում Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթնաժողովը` պետությունների առաջնորդների` մասնակցությունից հրաժարվելու պատճառով:

 

Հիշեցնենք, որ ապրիլին Տիմոշենկոն Խարկովի գաղութից հիվանդանոց ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո հայտարարել էր հացադուլ: Այժմ նրա հետ աշխատում են գերմանացի բժիշկները: