Ֆրանսիայի նոր նախագահը զարմացնում է իր խնայողությամբ. Բրյուսել է մեկնել գնացքով, վերադարձել` մեքենայով

17:44 • 24.05.12

Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը զարմացրել է հանրությանն ու լրագրողներին իր խնայողությամբ: Չորեքշաբթի նախագահների ու վարչապետերի մակարդակով անցկացված Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար նա Բրյուսել է մեկնել հասարակ գնացքով:

 

Երբ նախագահը ժամանել է Բրյուսելի Հյուսիսային երկաթուղային կայարան, Օլանդին են մոտեցել բոլոր ուղևորներն ու սկսել լուսանկարվել նրա հետ ու սեղմել նրա ձեռքը: Սկզբում թիկնապահները թույլ չեն տվել նրանց մոտենալ, սակայն Օլանդը կանգնեցրել է նրանց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Անհայտ է` արդյոք Օլանդը վճարել է 100 եվրո գնացքի տոմսի համար:

 

Նախագահին ուղեկցել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Նրան, հավանաբար, այնքան է դուր եկել համատեղ ճամփորդությունը, որ նա Twitter-ի իր էջում տեղադրել է մի քանի լուսանկար:

 

Իսկ ահա Փարիզ Օլանդը վերադարձել է մեքենայով: Ավելի վաղ` իր երդմնակալության օրը, նա Փարիզի փողոցներով շրջել էր ֆրանսիական արտադրության մեքենայով, միևնույն ժամանակ կանգնել լուսամփոփի տակ:

Ուշագրավ է, որ Նիկոլա Սարկոզին իր բոլոր արտասահմանյան այցերն իրականացնում էր բացառապես օդանավերով: