Ֆորմալ առումով կոալիցիա չմտնելով ԲՀԿ–ն կարող է սատարել ՀՀԿ–ին. Ալեքսանդր Մարգարով

13:50 • 24.05.12

«Հետաքրքիր է ու նաև կարևոր, թե ինչպիսին է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահվածքը խորհրդարանում, որովհետև նա կարող է ֆորմալ առումով չմտնել կոալիցիա, սակայն իրականում սատարել ՀՀԿ–ին, նրա օրենսդրական նախաձեռնություններին»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ որոշումը։ Ըստ նրա՝ ԲՀԿ–ի հիշյալ որոշումը կարող է վկայել երեք հանգամանքի մասին, որոնցից մեկն արդեն նշվածն է։

 

Մյուս պատճառն, ըստ փորձագետի, հնարավոր է` այն է, որ ԲՀԿ–ն, լինելով առանձին ուժ, փորձում է ինքնուրույն հարթել իր ճանապարհը և իր տեղը գտնել հայաստանյան քաղաքական դաշտում։ «Նրա որոշման երրորդ հնարավոր պատճառը այն է, որ գուցե, սպասվող, նախագահական ընտրություններում այդ կուսակցությունն ունենա իր սեփական թեկնածուն»,– նշեց Ալեքսանդր Մարգարովը։


Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԲՀԿ–ն նպատակահարմար չի գտնում կոալիցիա մտնել։ «ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում»,– միաժամանակ նշել է կուսառաջնորդը։