ԲՀԿ–ական նախարարները դեռ հրաժարական չեն տվել
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր տարածած հայտարարությամբ հաստատել է, որ ԲՀԿ–ն իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չի կազմի, ԲՀԿ քվոտայով նախարարները այսօր 15-30-ի դրությամբ չէին հրաժարվել իրենց պորտֆելներից։
Օրինակ՝ ԲՀԿ քվոտայով Քաղաքաշինության նախարար նշանակված Վարդան Վարդանյանն այդ պահին մասնակցում էր նախարարության կողմից նախորդ տարի Գյումրիի Մուշ-2 թաղամասում բաշխված բնակարանների անվճար սեփականաշնորհման գործընթացի վիճակահանությանը, ինչի մասին Tert.am-ը տեղեկացավ նախարարի վարորդից, ով նախարարի փոխարեն պատահաբար պատասխանեց հեռախոսազանգին, երբ Tert.am-ը փորձում էր պարզել, թե հնարավո՞ր է, որ Ծառուկյանի հայտարարությունից հետո, ԲՀԿ-ական պատգամավորները մինչ գործող կոալիցիայի ավարտը՝ մայիսի 31-ը, չպաշտոնավարեն:
Իր աշխատասենյակում էր ու շարունակում է նախարարի իր գործառույթները նաև Սպորտի և երիտասարդության ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանը, ինչի մասին հայտնեցին նախարարության լրատվական ծառայությունից:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ևս նույն կարգավիճակով այսօր մասնակցում էր Ստոմատոլոգների միջազգային համաժողովին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո, ըստ Սահմանադրության, կառավարությունը հրաժարական է տալիս, քսանօրյա ժամկետում նշանակվում է վարչապետ, որն էլ ձևավորում է նոր կառավարություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանը՝ ի պատասխան հնարավոր հրաժարականի դիմումների մասին մեր հարցին, նշեց, որ նախարարները հրաժարականի դիմումներ ներկայացնում են ՀՀ նախագահին:
Քանի որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո էլ ԲՀԿ-ում շարունակում են լռություն պահպանել, ապա ԲՀԿ-ական քվոտայով նախարարների՝ մինչև կոալիցիայի ավարտը մնալու նպատակահարմարության մասին հարցն այդպես էլ մնաց անպատասխան:









