Հայերը սիրում են միջոցառումներ, թանգարաններ այցելել խմբովի

10:47 • 24.05.12

Թանգարաններ այցելել-չայցելելը կապ չունի ո՛չ սոցիալ-տնտեսական վիճակի, ո՛չ աշխատանքային ժամերի հետ. ամփոփելով շաբաթ օրն անցկացված « Թանգարանային գիշեր» միջոցառման հաճախելիության արդյունքները՝ Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մշակույթի նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը:


«Մենք փորձել ենք ավելացնել թանգարանային ցուցադրությունների աշխատաժամանակը (որպեսզի մարդիկ կարողանան թանգարաններ հաճախել աշխատանքային օրվա ավարտից հետո- Tert.am ), բայց դա որևէ արդյունք չտվեց: Փաստ է, որ մարդիկ սիրում են բոլորով, համատեղ գնալ տարբեր միջոցառումների»,- ասաց Նորա Դայանը:


Թեպետ դեռ ամփոփված չէ Հայաստանի 62 թանգարաններում՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, այցելության արդյունքները, սակայն ակնհայտ է, որ շաբաթ օրը թանգարանները մեծ թվով այցելուներ են ունեցել:
Օրինակ՝ Երևանի ժամանակակից արվեստի, պատմության թանգարանների, Փարաջանովի տուն-թանգարանի դիմաց հսկայական հերթեր էին գոյացել:


Ի պատասխան դիտարկմանը, թե այս հանգամանքն այցելուների համարում և մեկնաբանում են որպես ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի հետևանք Նորա Դայանը ասաց, որ 2008 թվականից ի վեր, ամիսը երկու անգամ կազմակերպվում են անվճար ցուցադրություններ. յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ երեխաների և ամսվա վերջին շաբաթ օրը՝ բոլորի համար, բայց այդ օրերին նման զանգվածային այցելություններ չեն արձանագրվում:


«Ինչ վերաբերում է խնդրի սոցիալական կողմին, գործում են նաև զեղչեր, և հետո միայն Մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող թանգարաններն են վճարովի »,-նկատեց Մշակույթի նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալը:


Նշենք, որ օրինակ՝ Երևանի պատմության թանգարան այցելության մեկ տոմսը՝ սովորական օրերին արժե 1000 դրամ, իսկ Փարաջանովի տուն-թանգարանինը՝ 800 դրամ: