Հայ ժողովուրդն ուղղակի պաշտել է գիրքը. Նորայր Պողոսյան

17:04 • 24.05.12

Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նորայր Պողոսյանը, ուսումնասիրելով միջնադարում տպագրված հայ գրքի բազմաթիվ օրինակների էջերից հոգևորականների, գրագիրների և ընդհանրապես գրքի հետ սեր ունեցող մարդկանց ձեռագիր հիշատակությունների բնագրերը, եկել է այն եզրակացության, որ հայ ժողովուրդն ուղղակի պաշտում էր գիրքը:


Նորայր Պողոսյանն այս բոլոր պատմական փաստերն ի մի է բերել և ամփոփել է «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակություններ. 1512-1712թթ.» աշխատության մեջ, որի շնորհանդեսը կայացավ այսօր ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում՝ հայ գրատպության 500-ամյակին միջոցառումների շրջանակում։
Նորայր Պողոսյանը, ներկայացնելով աշխատությունը նշեց, որ այդ բնագրերը ցույց են տալիս, ուշ միջնադարի հայերի ակնածանքը գրքի հանդեպ, թե նրանք ինչպիսի սիրով են թողել այդ գրությունները, ինչպես են նվիրել գրքերը տարբեր եկեղեցիներին և այլն:


«Այս տվյալները նոր պատմական փաստեր են ցույց տալիս, որոնք ոչ մի այլ աղբյուրում չես հանդիպի: Այստեղ առհասարակ գրքի տարածման շրջանակի մասին բազմաթիվ փաստեր են պարունակում, թե ինչպես օրինակ՝ Ամստերդամում տպագրվելուց անմիջապես մեկ տարի հետո սփռվել է գիրքն ամբողջ հայաշատ վայրերում, գրքի շուկա է գոյություն ունեցել, առել են հայերը այդ գրքերը որոշակի գնով, ենթադրենք 4 շահի, 10 շահի, մեկ թուման և այլն»,- նշեց հեղինակը:


Օրինակ բերելով մի հիշատակություն՝ Նորայր Պողոսյանը նշում է, որ Հռոմում տպագրված գիրքը մեկ տարի անց հանգրվանել է Տաթևի վանքում: Ըստ նրա, դրա մասին իմանում ենք Ստեփանոս եպիսկոպոսի 5-6 հիշատակագրություններից, ով գրում է, թե ինչպես է գնել գիրքը, ինչպես է պահպանվել այն և այլ մանրամասներ հայտնում:
«Այս ամենն ամփոփելով կարելի է ասել, որ այս հիշատակությունները մեր ժողովրդի հրատարակչական մշակույթի փոքրիկ արտացոլանքն է և լավագույնս ցույց է տալիս, թե ինչպիսի գրքի պաշտամունքն է եղել հայ ժողովրդի մոտ և իզուր չէ, որ հայ գրատպության 500-ամյակը անց է կացվում Երևանում»,- նշեց նա: