«Բարգավաճ Հայաստանը» չի կարող ընդդիմադիր լինել. Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի կարողությունը, վստահ է, որ նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմադիր լինել:
«Կասկած չեմ ունեցել և չունեմ, որ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի իշխող կուսակցության հետ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա՝ դեռևս տեղյակ չլինելով, որ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կոալիցիա չի կազմում։
Սակայն այդ մասին տեղեկանալով Սաֆարյանը նկատեց. «Անկեղծ ասած մտնի, թե չմտնի միևնույն է քաղաքական դաշտում փոխելու հնարավորություն չունի: ԲՀԿ-ն ավելի շատ սպասարկելու է իշխող կուսակցությանը, ես դրանում կասկած չունեմ»։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր ուժ լինելը մեծ ռիսկի հետ է կապված: «ԲՀԿ-ի ոչ միայն կորիզը, այլ նաև ընտրազանգվածի հիմնական կազմը ընդդիմադիր չէ: Դեպի ընդդիմադիր դաշտ անցում կատարելը, լուրջ փոփոխություններ կբերի ընտրազանգվածի համար»,- կանխատեսեց Սաֆարյանը:
Վերջինս միաժամանակ նշեց, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին կայուն ձայն ստացավ, որն իրենը չէր, ըստ Սաֆարյանի, դա տեղի ունեցավ ԲՀԿ-ի՝ դեպի ընդդիմադիր դաշտ տեղաշարժվելու պատճառով:
Բացի այդ, Սաֆարյանն ավելացրեց, որ ԲՀԿ-ն ստեղծվել է որպես իշխանական կուսակցություն, հետևաբար, կուսակցության հետ խնդիրներ կլինեն, եթե իսկապես ընդդիմադիր լինի՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ունեցած խոշոր կապիտալը: Սաֆարյանը բերեց Սուքիասյանների օրինակը՝ եզրակացնելով՝ գրեթե վստահ է, որ դա չի կարող լինել:
«Ժառանգության» անդամը ԲՀԿ-ին համեմատեց նախկին «Օրինաց երկիր» կուսակցության հետ և եզրակացրեց, որ այս տեղափոխությունները նման սցենար են հիշեցնում: Ըստ նրա, 2007-ին ՕԵԿ-ը ԱԺ մուտք գործեց որպես անկախ կուսակցություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ կոալիցիայի մեջ չէր, երբեք չէր քվեարկում հակաիշխանական օրինագծերի օգտին: «Այնպես որ, ունենք նման մի օրինակ ու մոդել, կարող է չլինել կոալիցիայի մեջ , բայց չլինել նաև ընդդիմադիր»,- եզրափակեց նա:
Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ նախագահական ընտրություններում շատ բան կախված կլինի ընդդիմությունից. «Պետք է թույլ չտա, որ նման սցենար գործի, որ ֆավորիտ դառնա ևս մեկ թեկնածու, որը իշխանական թեկնածուի դրածոն կլինի»:









