«Ժառանգությունը» հունիսի 2-ին կանցկացնի արտահերթ համագումար

15:43 • 24.05.12

Խորհրդարանական ընտրությունների նկարված արդյունքները հաշվի առնելով՝ «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 2-ին կանցկացնի արտահերթ համագումար, որի ժամանակ էլ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

 

Նրա խոսքով՝ համագումարի ժամանակ պատասխան կտրվի նաև հարցին, թե արդյո՞ք համամասնական ընտրացուցակում ընդգրկված անձինք վերցնում են իրենց մանդատները, թե՝ ոչ, արդյո՞ք «Ժառանգությունը» կմտնի կոալիցիայի կազմի մեջ, թե՝ ոչ և այլ կարևոր հարցեր:


Բոլոր դեպքերում Սաֆարյանն արդեն համակերպվել է այն մտքին, որ ինքը չի լինելու նոր խորհրդարանում.«Մայիսի 7-ի վաղ առավոտից այս հարցին արդեն շատ հանգիստ վերաբերվեցի: Հիմա էլ ընդունում եմ, որ չեմ լինելու նոր խորհրդարանում, իմ պարագայում այլ զարգացումներ չեմ տեսնում և հանգիստ եմ տանում»,- ասաց նա:


Սաֆարյանը նաև անդրադարձավ Ժառանգություն» կուսակցության կոալիցիա կազմելու հավանականությանը. ««Ժառանգությունն» այնքան փորձառություն ունի, որ ոչ միայն այս ընտրություններից հետո չի կարող մաս կազմել կոալիցիային, այլև հրաշալի հասկանում է, թե ինչ է ասել ԱԺ-ում՝ 70-ից ավելի տեղ ունեցող կուսակցությունը»:


««Ժառանգություն»-ը երբեք չի ցանկացել կցորդ լինել, որպեսզի մի կուսակցական շահը պարտապանի: Չի՛ արել և չի՛ անի, անգամ լինելով փոքրաթիվ՝ նա սպասարկելու է միմիայն ժողովրդի շահը»,- ասաց Սաֆարյանը և նշեց, որ «Ժառանգությունն» ինչ էլ անի՝ հանուն ժողովրդի է անելու:


Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունների վերաբերյալ արտահայտվող դժգոհությունները չստացան շարունակություն, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե պատճառն այն է, որ չկա հետընտրական զարգացում, որովհետև մի կողմից քաղաքական ուժերը չունեն ցանկություն և նպատակ՝ այն առաջնորդելու, մյուս կողմից էլ ընտրակաշառք վերցրած քաղաքացին դուրս չէր գա և բողոքեր «այս նորագույն տեխնոլոգիաների կեղծիքների դեմ»: