ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կոչնչանա, եթե պարզվի, որ ԲՀԿ որոշման մեջ Ռ. Քոչարյանի «մատը խառն է». քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ուրախ է, որ ԲՀԿ-ն այսօր որոշում ընդունեց չմտնել կոալիցիա: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Ձևական կոալիցիա մեզ պետք չէ: ՀՀԿ-ն հավաքել է այնքան ձայներ, որ կարող է ինքնուրույն իշխանություն ձևավորել»,- ասաց նա։
Սուրեն Սուրենյանցը նաև նշեց, որ իր այս քայլով ԲՀԿ-ն ինտրիգ մտցրեց նախագահական ընտրություններում, որովհետև այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ԲՀԿ-ն թեկնածու կունենա, թե ոչ, կամ ով կլինի նա:
«Բայց այս պահին չեմ պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունը որտեղ է լինելու, մենք նրան միշտ տեսել ենք իշխանությունում: Չեմ բացառում, որ ԲՀԿ-ի մի շարք գործիչներ հեռանան կուսակցությունից, որովհետև մարդիկ կան, որ իրենց ոչ մի տեղ չեն պատկերացնում իշխանությունից բացի: Հայաստանը ժողովրդավարական երկիր չի և չենք կարող ասել, թե ինչ կլինի»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ չի հասկանում, թե ՀՀԿ-ին ինչին է պետք ՕԵԿ-ը և դրա սատարումը ՀՀ նախագահին:
Հարցին, թե քաղաքագետը չի կարծում, որ կոալիցիա չմտնելու ԲՀԿ-ի որոշման մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը, նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի մատը շատ բաների մեջ է խառը, բայց հուսով եմ՝ Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ եթե նման բան պարզի, ապա ԲՀԿ-ի վարկանիշը երկու գիշերվա մեջ կոչնչանա: Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է արյան հետ: Հասարակությունը չի մոռացել ոչ հոկտեմբերի 27-ը, ոչ մարտի 1-ը: Ես էլի եմ ասել, նրա տեղը ճաղերի ետևում է»,-ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ում այսօր կան մարդիկ, որոնք կարող է ԲՀԿ-ն առաջադրել նախագահական ընտրություններին: Անուններ չտալով՝ նա միաժամանակ նշեց, որ խոսքը Վարդան Օսկանյանի մասին չէ, ում համարեց իր ոլորտում ձախողված քաղաքական գործիչ:









