Թեոդոսիայում բացվել է գիտնական Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի ցուցահանդես

15:48 • 24.05.12

Ականավոր գիտնական, պատմաբան, թարգմանիչ, հայ եկեղեցական գործիչ Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ (մայիսի 10-ին), Թեոդոսիայի հնագիտական թանգարանում (Ղրիմ, Ուկրաինա) բացվել է «Գաբրիել Այվազովսկին և Խալիբյան ուսումնարանը. թանգարանի ֆոնդերի նյութերը» ցուցադրությունը:

 

Գաբրիել Այվազովսկին հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրն է: 1858թ.-ին նա ակտիվ մասնակցություն է ունեցել Նախիջևանի քաղաքապետ, առևտրական ու հասարակական գործիչ Հարություն Խալիբովի անձնական միջոցներով կառուցվող Խալիբյան ուսումնարանի ստեղծման աշխատանքներին: 1865թ.-ին նա դարձել է ուսումնարանի տնօրենը` աշխատելով մինչև 1871թ.:


Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, թանգարանում ներկայացված են ուսումնարանի մասին փաստաթղթերի պատճենները, ուսումնարանի տպագրատան կողմից հրատարակված «Ռադուգա» ամսագրի ձեռագիրը (1860թ.), լուսանկարներ ու 1865թ.-ին հրատարակված, հայերենով գրված «Ղրիմի պատմությունը» բացառիկ աշխատությունը, որը համարվում է հազվագյուտ մատենագիտություն: