Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Տիմոշենկոյին ու հրաժարվել է Եվրո-2012-ը բոյկոտելուց

16:50 • 24.05.12

Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձևով Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում` ընդդիմության առաջնորդներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Եվրոպացի պատգամավորները քաղբանտարկյալների թվին են դասում նաև նախկին վարչապետ, Батькивщина շարժման առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, ինչպես նաև նախկին 2 նախարարների` Ներքին գործերի և Պաշտպանության նախկին նախարարներ Յուրի Լուցենկոյին ու Վալերի Իվաշենկոյին:

Բանաձևով` Եվրախորհրդարանը Կիևին քաղբանտարկյալների հարցը լուծել մինչ աշնանը կայանալիք Գերագույն ռադայի ընտրությունները:

 

Եվրախորհրդարանի պատգամավորները, սակայն, չեն աջակցել այս երկրում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը պաշտոնապես բոյկոտելու նախաձեռնությանը` Տիմոշենկոյի նկատմամբ վարվող վատ վերաբերմունքով պայմանավորված:


Օրեր առաջ Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առումով հերթական անգամ անհանգստություն էր հայտնել Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հավելել, որ Եվրամիության Խորհուրդը կքննարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը քաղաքական բոյկոտ հայտարարելու հարցը:


Մայիսի 8-ին Ուկրաինան չեղյալ հայտարարեց Յալթայում Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթնաժողովը` մի շարք պետությունների առաջնորդների` մասնակցությունից հրաժարվելու պատճառով:

 

Հիշեցնենք, որ ապրիլին Տիմոշենկոն Խարկովի գաղութից հիվանդանոց ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո հայտարարել էր հացադուլ: Այժմ նրա հետ աշխատում են գերմանացի բժիշկները: