Ջավախահայ քաղգործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց է հրապարակվել
Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով, պատրաստել է զեկույց ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի՝ քաղաքական-իրավական կողմերի մասին, այս մասին տեղեկացնում են «Երկիր» հասարակական կազմակերպությունից:
«Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» վերտառությամբ զեկույցը Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաև վրացահայության և ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման և դատավարության, ինչպես նաև հետդատական գործընթացների պատմությունը։
Զեկույցում առանձին բաժին է նվիրված Չախալյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ դատավարության ընթացքում և որոնք, ըստ զեկույցի, կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության և այլ իրավունքները։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով:
Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։









