«ANTI stangnation»-ն այսօր Բաղրաման փողոցում էր (լուսանկարներ, տեսանյութ)

22:07 • 30.05.12

«ANTI stagnation» (թարգմանաբար՝ հակալճացում), այսպես է կոչվում քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակների ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ այսօր Բաղրամյան 24 հասցեում՝ Ակադեմիայի պատկերասրահի բակում՝ հենց փողոցի մայթեզրին: Աշոտ Հարությունյանի քանդակները հեռու են ավանդական քանդակագործության մեր պատկերացումներից, այն արարվում է թափոններից և դառնում արվեստի յուրատեսակ գործ:


Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ քանդակագործներ, արվեստաբաններ ու մշակույթի գործիչներ: Նրանցից արվեստաբան Պողոս Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ արվեստի այս տեսակը ծնունդ է առել դեռևս նախորդ դարի 60-70-ական թվականներից և դեռ այդ ժամանակներից մենք ունեցել ենք արվետագետներ, ովքեր ստեղծագործել են այս ավանգարդ ոճի մեջ:


«20-րդ և 21-րդ դարերում ամբողջ երկիրը թափոններով լցված է՝ և սննդային թափոն, և արդյունաբերական թափոն: Սրանք վնասում են մարդկությանը և բոլոր պետությունների համար դառնում հոգս: Աշոտը մտնում է այդ թափոնների դաշտը, հանում է այնտեղից օբյեկտներ և դրանցից ստեղծում նորագոյացումներ, այսինքն՝ սուբյեկտներ, որտեղ արդեն հոգի կա, ձեռք կա, պլաստիկա կա, տարածություն կա: Տեսեք՝ ոչնչից ի~նչ է ստեղծում, ոչնչից՝ արվեստի գործ»,-ասաց արվեստաբան Պողոս Հայթայանը:

Հարցին, թե արդյո՞ք հասարակությունն ընդունում և հասկանում է արվեստի այս ձևը, նա պատասխանեց. «Դա Աշոտի խնդիրը չէ: Հասարակությունը կունենա ցանկություն արվեստի այս տեսակը հասկանալու՝ կհասկանա, չի ունենա՝ չի հասկանա»,-նկատեց արվեստաբանը:
 

Նույն հարցին իր մեկնաբանությունը տվեց նաև հենց ինքը հեղինակը՝ Աշոտ Հարությունյանը, ով իր կյանքի 30 տարիները նվիրել է թափոններից արվեստի գործ արարելուն:



«Հասարակությունը ուզի-չուզի պետք է հասկանա: Ցանկացած նոր բան դժվար է ընկալվում, ինչը նորմալ է: Մեկը չի ընդունի, մյուսը՝ կընդունի , դա կապ չունի: Երիտասարդներն այս գործերն ավելի հետաքրքիր են համարում, մեծերը՝ ավելի դժվար, քանի որ կարծրացած են: Ցանկացած նորություն պետք է իր տեղը գտնի, որովհետև կյանքը առաջ է գնում»,- ասաց հեղինակն ու ավելացրեց, որ իր համար քանդակը կախարդանք է, հեքիաթ ու ապրելակերպ:
 

Նշենք, որ քանդակագործ Աշոտ Հարությունյանը ծնվել է 1961թ.-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1989թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: