ԲՀԿ-ն վաղվա ԱԺ անդրանիկ նիստին «ընդդիմադիրության մասին» հատուկ հայտարարությամբ հանդես չի գա. Խ. Գալստյան
Tert.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեց, թե արդյոք 5-րդ գումարման Ազգային ժողովի վաղը կայանալիք անդրանիկ նիստին կմասնակցի Գագիկ Ծառուկյանը և արդյոք նա կամ կուսակցությունը հանդես կգա որևէ հայտարարությամբ` կապված կուսակցության վարքագծի, մասնավորապես նրա ընդդիմադիր լինել-չլինելու հետ: «Հատուկ հայտարարություն նախատեսված չէ, իսկ թե պարոն Ծառուկյանը կմասնակցի նիստին, թե ոչ, չգիտեմ»,- ի պատասխան հայտարարեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը:
Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի անդրանիկ նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, և խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ: Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն հայտարարել է, որ ինքը լինելու է կառուցողական դաշտում՝ առայժմ փակագծերը չբացելով՝ կառուցողական ընդդիմադի՞ր, թե՞ կառուցողական իշխանամետ: Հավելենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ինքնաբացարկ ներկայացրեց, հայտարարում է, որ ԲՀԿ-ն պարտավոր է առաջին նիստին հայտարարել՝ ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանամետ, քանի որ «կառուցողական» տերմին, առանց այս հստակեցումների՝ գոյություն չունի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ մեկնաբանությունը սխալ է, այսինքն՝ ԲՀԿ-ն կարող է հայտարարություն անել, կարող է և չանել, և բոլորովին պարտադիր չէ, որ դա արվի առաջին նիստի ընթացքում:
«Մինչև վարչապետը չնշանակվի և կառավարությունը չձևավորվի, «ընդդիմադիր խմբակցություն» հասկացություն կիրառելի չի: Կառավարության ձևավորումից հետո խմբակցությունը կարող է լինել կամ իշխանական կամ ընդդիմադիր կամ մի այլ երրորդ տիպի. իշխանական՝ եթե մասնակցել է կառավարության ձևավորմանը, ընդդիմադիր, եթե չի մասնակցել կառավարության ձևավորմանը, և միաժամանակ հայտարարում է, որ ընդդիմադիր է, և երրորդ տիպի, որը թեև չի մասնակցել կառավարության ձևավորմանը, բայց նաև չի հայտարարում, որ ընդդիմադիր է»,–պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:









