Ջերրի Մանուկյանի անդամակցությունը «Հայաստան» հիմնադրամի ՀԽ–ին մտահոգություն է առաջացրել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին մտահոգված է այն հարցով, որ այսօր հիմնադրամի 21-րդ նիստին հոգաբարձուների խորհդի անդամ դարձավ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ շատ կազմակերպություններ կան, որոնք ցանկանում են խորհրդի անդամ դառնալ և ստացվում է, որ «բոլորը պետք է հերթով մտնե՞ն հիմնադրամ»:
«Իր կարծիքով նրանք կարող են դրամ հավաքել ու անել այն ինչ ուզում են , նրանց ներգրավումը այնքան օգուտ չի լինելու որքան խառնակչություն: Մարդիկ մտնում են ներս և ներսից սկսում են խառնակչություն: Առաջացնում են շփոթ»,– ասաց նա:
«Ես այստեղ չեմ խոսում անհատի մասին, այլ՝ երևույթի: Պետք է պարզել, թե քանի հոգու կարելի է հոգաբարձուների խորհուրդ ներս թողնել: Նախկինում նման խնդիր ունեցել ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր հիմնադրամի նիստին, երբ ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը ստանալու դեպքում Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը ևս կդառնա հոգաբարձուների խորհրդի անդամ, Արմինե Կարապետին իր մտահոգությունը հայտնեց նախագահին: Սերժ Սարգսյանին զարմացրեց տիկին Կարապետի նման արձագանքը, ինչից հետո նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին բացատրել խնդրի իրավական կողմերը:
Tert.am-ի հարցին, թե հոգաբարձուների խորհրդի անդամները ինչո՞ւ չկիսեցին Արմինե Կարապետիի մտահոգությունը և կողմ քվեարկեցին, նա պատասխանեց. «Ամեն մարդ չէ, որ ուզում է խոսել կամ կարծիք հայտնել, բայց իրենք համամիտ էին ինձ հետ: Այդ մտահոգությունը իրենց մեջ էլ կար»:
Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ատենապետի մտավախությունը իրականում շատ լուրջ է, բայց իրենց կազմակերպության նպատակը միայն օգնելն է:
«Մենք հիմնադրամ չենք, մենք պարզապես բժիշկներով ուզում ենք օգնել հիմնադրամին»,- ասաց:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ով այսօր նիստի ընթացքում կրկին վերընտրվեց իր պաշտոնում, նշեց, որ իրականում հնարավոր է, որ ատենապետի մտավախությունը տեղին լինի, և նման բան տեղի ունենա, բայց պարզաբանեց, որ տվյալ դեպքում կազմակերպությունը նման նպատակ չունի:
«Այդ կազմակերպությունը ինքն է դիմել մեզ և ուզում է սատար կանգնել մեր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերին: Նշեմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ կամ կազմակերպություն հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի առաջարկությամբ և հոգաբարձուների հաստատմամբ»,- ասաց Արա Վարդանյանը:
Նշենք, որ տվյալ դեպքում կազմակերպության անդամակցության առաջարկը ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանը:









