Հայտնի է դարձել, թե հատկապես որ բառերն են հետաքրքրում ԱՄՆ ազգային անվտանգությանը
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է այն բառերի ցանկը, որը գործածվում է ԱՄՆ ազգային անվտանգության կողմից ինտերնետ կայքերի և սոցիալական կայքերի վերահսկողության համար:
Հասկանալի է հատուկ ծառայությունների հետաքրքրությունը «կեղտոտ ռումբ», «պատանդ», «զարին», «ջիհադ», «Ալ-Կաիդա» բառերին և արտահայտություններին:
Իհարկե, փորձառու ահաբեկիչները դժվար թե իրենց մասնագիտական գործունեությունը հաճախ քննարկեն համացանցում և բլոգներում ներկայացնեն իրենց ապագա «ստեղծագործական ծրագրերը»: Սակայն հատուկ ծառայությունները հույս ունեն պատահական կամ անզգուշությամբ թողած գրոռումներից արժեքավոր տեղեկություններ ստանալ:
Իսկ ահա սկսնակ ահաբեկիչները, որոնք, այսպես ասած, հասունացման փուլում են, հաճախ են միմյանց հետ ոչ հարուստ փորձի փոխանակում անում:
Սակայն ԱՄՆ հատուկ ծառայությունները հետաքրքրություն են ցուցաբերում նաև «ձյուն», «խոզի միս», «քիմիական», «կամուրջ», «վիրուս» և «ամպ» բառերի նկատմամբ, որը դժվար է հասկանալ:
Նույնիսկ Facebook-ում «Մեքսիկա» կամ «Չինաստան» գրառումը կնկատվի հատուկ ծրագրի կողմից: Բացի այդ, ցուցակում է ողջ Մերձավոր Արևելքը` Իրաքը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Եմենը, Սոմալին, ինչպես նաև Հյուսիսային Կորեան և Կոլումբիան:
Մոնիտորինգի է ենթարկվում ինքնին «սոցիալական ցանց» արտահայտությունը, ինչպես նաև եթե գրառում արվի, որում օգտագործվի Կայեն և Աբել անունները:
Իհարկե, անհնար է հետևել նման զանգվածային կերպով առանց համացանցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների հետ հատուկ պայմանավորվածությունների:
Այսպես, «Ֆորբս» ամսագիրը, օրինակ, գրում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը պայմանավորվածություններ ունի Google-ի, Facebook-ի, Twitter-ի և ոլորտի այլ խոշոր ընկերությունների հետ: Դրա շնորհիվ նրանց հասանելի է դառնում ռեալ ժամանակում համացանցը «մաղելու» հնարավորությունը:
Խոշորագույն ընկերությունները օգտատերերի մասին հսկայածավալ տեղեկություններ են կուտակել: Նախորդ տարի մեծ հնչեղություն ստացավ հետաքննությունը, որի համաձայն՝ Google-ը և Apple-ը տեղեկություններ են հավաքել իրենց սպառողների գտնվելու վայրի մասին ոչ միայն բջջային հեռախոսների կամ սմարթֆոնների, այլ նաև անհատական համակարգիչների օգնությամբ:
Պարբերականը հավելում է, որ ըստ ամենայնի՝ ինտերնետային համընդհանուր վերահսկողությունը կազմակերպվում է` «դե ուր պետք է փախչեք սուզանավի միջից» հայտնի սկզբունքով:









