Հայաստանում կանցկացվի «Իտալական խոհանոցի շաբաթ» փառատոնը

18:47 • 30.05.12

Հայաստանում hունիսի 4-ից մինչ հունիսի 10-ը կանցկացվի «Իտալական խոհանոցի շաբաթ» փառատոնը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, միաժամանակ նշելով, որ փառատոնը երրորդ անգամ է անցկացվում Հայաստանում:



«Մեծ գոհունակությամբ հայտնում եմ այս փառատոնի բացման մասին: Սա մի նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ հաջողության է հասել և այս ամենը շնորհիվ իտալական խոհանոցի»,-նկատում է դեսպանը:

 

Դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր տարի փորձում են ավելի հարուստ ու բովանդակային դարձնել փառատոնը, իսկ այս տարվա նորամուծությունն այն է, որ փառատոնին մասնակցելու են նաև հայկական 13 ռեստորաններ:

 

Այդ նպատակով, հայ խոհարարների հետ վարպետության դասեր են անցկացնում իտալացի խոհարարները, քանի որ փառատոնի ընթացքում յուրաքանչյուր ռեստորան կներկայացնի ճաշատեսակներ իտալական խոհանոցից:



Փառատոնի գլխավոր նպատակը, ըստ դեսպանի, իտալական խոհանոցի արվեստն ու մշակույթը հայաստանցիներին ներկայացնելն է:

 

Իտալիայից ժամանած խոհարար Էդուարդո Բավիելոն նշեց, որ
մեծ սիրով է ընդունել Հայաստան գալու հրավերը: Թեև նա արդեն այցելել է մի քանի հայկական ռեստորան և համտեսել որոշ ուտեստներ, բայց դա, ըստ նրա, բավարար չէ հայկական խոհանոցի մասին կարծիք կազմելու համար:


Արդեն երեք տարի Հայաստանում ապրող դեսպան Բրունո Սկապինին նշեց, որ լավ ծանոթ է հայկական ուտեստներին, քանի որ դրանք ամեն օր նրա սեղանին են՝ հարիսան, ավելուկը, տոլման:

 

Սկապինիի կարծիքով, հայկական և իտալական խոհանոցներն ունեն նմանություններ. «Հայկական խոհանոցը մոտ է միջերկրական սննդակարգին, շատ ուտեստներ նմանություն ունեն իտալական խոհանոցի ուտեստների հետ»:

 

Դեսպանի խոսքով, իտալական խոհանոցը թույլ է տալիս ուտել համեղ և ապրել երկար.«Պատահական չէ, որ Իտալիայում կանանց կյանքի տևողության միջին տարիքը 88-ն է, իսկ տղամարդկանցը՝ 77-ը»,- նկատեց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը: