Սոս Պետրոսյան Կրտսերը իլյուզիոնիզմի կրկեսային ժանրում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հռոմում մայիսի վերջին տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան Կրտսերը, այս մասին հայտնում է Երևանի Կրկեսի մամուլի ծառայությունը:
Ի դեպ, առաջին անգամն է, որ այս մրցույթին հայ արտիստ է մասնակցում, իսկ ընդհանրապես, մրցույթի շրջանակներում իրենց հմտություններն են ցուցադրել ավելի քան 60 երկիր ներկայացնող շուրջ 3000 իլյուզյոնիստ-աճպարարներ:
Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող իլյուզյոնիստներ Ուրի Գելլերը, Ֆրանց Խարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլ է անցել միայն 70 մասնակից, իսկ եզրափակիչում իրենց ուժերն են չափել 10 երկրների, այդ թվում` Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչները:
Սոս Պետրոսյան Կրտսերը խաղաքարտերով ցուցադրել է միկրոմագիային և պրեստիդիժիտացիային (իլյուզյոնիզմի տեսակներ) տիրապետելու իր վարպետությունը: Նույնպիսի համարով նա հանդես էր եկել ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի ժամանակ` մեկտեղելով մատերի ճարպկությունն ու թղթախաղերով ձեռնածության վարպետությունը:
Կրկեսային արտիստներ Պետրոսյանների ամբողջ գերդաստանը, որպես պատվավոր հրավիրյալ, ներկա է եղել այդ մրցույթին: Չեմպիոնի ծնողները` Սոս և Վիկտորիա Պետրոսյանները, ներկայացել են «Կերպարանափոխություն» («Տրանսֆորմացիա») իրենց յուրահատուկ համարով, որը չորս անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Սոսը և Վիկտորիան ժամանակին սահմանել են հագուստն արագ փոխելու աշխարհի ռեկորդը` մեկ րոպեում հասցնելով փոխել 13 կոստյում: Նրանց կրտսեր որդին` Տիգրան Պետրոսյանը, նույնպես հրավիրյալի կարգավիճակով՝ արտամրցութային ծրագրով հանդես է եկել Հռոմում, որպես ամենակրտսեր աճպարար և ցուցադրել թենիսի գնդակներով կատարվող մի համար:
Տեղեկացնենք, որ Հռոմի միջազգային մրցաշարը, որն անց էր կացվում առաջին անգամ, այս տարվա հոկտեմբերին ցուցադրվելու է իտալական Canale 5 մասնավոր հեռուստաալիքով:










