Տարոն Մարգարյանը մտադիր Կարաբալայի արձանը վերադարձնել Աբովյան փողոց. Լևոն Թոքմաջյան
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակված է ուղղելու քաղաքապետարանի սխալը և հայտնի ծաղկավաճառ Կարաբալայի արձանը Տերյան փողոցի «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից տեղափոխել իր նախկին տեղը՝ Աբովյան փողոց:
«Ես համարում եմ, որ դա սխալ քայլ էր, քանի որ ստացվում է ինչ-որ մեկը՝ իր ցանկությամբ կարող է իրեն դուր եկած քանդակը տանել և դնել իր խանութի առա՞ջ»,- Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց քանդակի հեղինակը և հավելեց, որ խնդիրը ոչ միայն վերաբերում է Կարաբալայի արձանին, այլ ընդհանրապես՝ երևույթին:
«Այսինքն՝ մեկին դուր է գալիս Սասունցի Դավթի արձանը և նա, շատ հանգիստ, կարող է կռանը (վերամբարձ կռունկը-Tert.am) վերցնել ու արձանը տանել-դնել իր խանութի մո՞տ»,- հարց ուղղեց քանդակագործը:
Լևոն Թոքմաջյանը նշեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ այս խնդրով ինքը քաղաքապետին դիմում է գրել, ինչին ի պատասխան տեղեկացվել է, որ Քաղաքաշինության խորհուրդը հարցը կդնի քննարկման:
«Մի քիչ զավեշտալի է հնչում, ի՞նչն են դնում քննարկելու: Էդ, երբ հանեցին, տարան, չքննարկվեց չէ՞, իսկ հիմա, երբ ուզում ենք հետ բերենք՝ պիտի քննարկե՞ն: Լավ, թող քննարկեն, դա էլ է հասկանալի, թող օրինական լինի, տեսնենք ի՞նչ կորոշեն»,- ասաց Լևոն Թոքմաջյանը:
Քանդակագործը համոզված է, որ բոլոր դեպքերում քաղաքապետարանի կողմից արձանը տեղափոխելու որոշում՝ չի եղել:
«Անհնարին բան է, որ դա որևէ մեկը թույլ տար տեղափոխել: Քսան տարի արձանը Աբովյան փողոցում է եղել, բացի այդ, նախկին Աստաֆյան փողոցը եղել է Կարաբալայի տեղը, նա այդտեղ ծաղիկ է բաժանել: Սա նոր արձան չէ, որ որոշեն, թե ո՞րն է դրա տեղը»,- ասաց քանդակագործը։
Քանդակագործը նշեց, որ այսօր պետք է գնա Աբովյան փողոց, որպեսզի Կարաբալայի արձանը Աբովյան փողոց վերադարձնելու պահանջով ստեղծված քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ որոշեն, թե որտե՞ղ կարող է այն տեղադրվել:
«Այնտեղ որտեղ Նոր Երևանը՝ Հյուսիսային պողոտան և Հին Երևանը հատվում են իրար, իմ կարծիքով այդ հատման տեղում կարելի է դնել արձանը: Իսկ թե քաղաքային իշխանությունները ի՞նչ որոշում կկայացնեն…նրանք՝ կհաստատեն»,- եզրափակեց քանդակագործը:










