ԲՀԿ-ն ԱԺ է գնում լավին լավ ասելու, վատին՝ վատ
Պատգամավորական մանդատներ ստանալու վերաբերյալ լրագրողների հարցերին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների պատասխանները գրեթե միանման էին:
Թե՛ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, թե՛ Վարդան Օսկանյանը, և թե Սամվել Բալասանյանը պնդում էին, որ գործելու են այն դաշտում, ինչի մասին արդեն հայտարարվել է՝ «խիստ կառուցողական» և լավին լավ են ասելու, վատին՝ վատ:
Նույն միտքը Վարդան Օսկանյանը ձևակերպեց հետևյալ կերպ՝ «սխալին սխալ ենք ասելու, ճշտին՝ ճիշտ»:
«Ժամանակն է մեր քաղաքականությունը չբաժանել միայն սևի կամ սպիտակի, կարող են լինել, քաղաքական ուժեր, որոնք գործելու են կառուցողական դաշտում: Եթե մեկը կներկայացնի ռացիոնալ տրամաբանական առաջարկ, որը համահունչ կլինի մեր ծրագրեին, մենք դա կպաշտպանենք, եթե համահունչ չի լինի, մենք կմերժենք, անկախ նրանից՝ ո՞վ է ներկայացնողը»,- ասաց Զոհրաբյանը:
Սամվել Բալասանյանի խոսքերը ևս չտարբերվեցին իր կուսակիցների արտահայտած մտքերից. «Լավին լավ ենք ասելու, վատին վատ, եթե լավ է, ասում ենք շատ լավ է, եթե վատ է՝ քննադատում ենք»:
Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելներից հրաժարվելուն, ապա Սամվել Բալասանյանը նշեց, թե իրենք տխրողներից չեն:
«Ես շատ բան եմ տեսել 99-ից, քաղաքական պաշտոն է, որը, բնականաբար, մերը չէ, ԲՀԿ-ինը չէ: Հիմա մենք մեր 37 պատգամավորներով կաշխատենք ԱԺ-ում»,-ասաց նա:
Բալասանյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիային չմիանալը չի կարող պատճառ դառնալ, որ գործարարները լքեն կուսակցությունը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մեկ տարի անց ԲՀԿ-ն կմիանա կոալիցիային, Սամվել Բալասանյանը խորհուրդ տվեց սպասել. «Կապրենք՝ կտեսնենք»:









