Շինարարները Նալբանդյան 106/1 հասցեում գործի են դրել «Դրուժբա» էլեկտրասղոցները (տեսանյութ)

15:55 • 30.05.12

Վաղ առավոտյան Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում անհասկանալի վիճակ է. այս տարածքում կառուցապատում իրականացնող «Ավագշին» ընկերությունը բակ է մուտք գործել տեխնիկայով, փակել ճանապարհը բակում գտնվող ծառերը տեղափոխելու պատրվակով», իսկ երբ հավաքված բնակիչները և «Մեր քաղաքը», «Մենք ենք քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները դիմադրել են, ընկերության բանվորները հանել են «Դրուժբա» էլեկտրական սղոցները և ոստիկանության ու ոստիկանների ու բնակիչների աչքի առաջ կտրել են երեք –չորս ծառ:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Նալբանդյան 106/1 հասցեում բնակիչ Գրիգորը և 4 –րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

 

«Ծառերը կտրում էին ոստիկանության աչքի առաջ, բայց վերջիներս հայտարարեցին, որ իրենք այստեղ են հասարակական կարգը պահպանելու համար, իսկ թե ով ինչ ապօրինի գործողություններ է անում, նրանց, կարծես, չի հետաքրքրում: Ես զանգահարեցի բնապահպանության նախարարին, բայց նա չպատասխանեց, Երևանի՝ գլխավոր ճարտարապետին, բայց նրա քարտուղարուհին ասաց, որ Նարեկ Սարգսյանը մասնակցում է Երևանի ավագանու նիստին»,-պատմեց Ստեփան Սաֆարյանը:


Ի դեպ, ինչպես պնդում են բնակիչները՝ «Ավագշինի» շինարարները բակում գտնվող ծառերից մի քանիսն էլ «բարեհաջող չորացրել են» ծառերի հիմքերը բացելով:


Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է՝ ինչ 106/1 հասցեի բնակիչները պայքարում են իրենց բակում կառուցվելիք հերթական էլիտար շինարարության դեմ: Երբ հարցը հանրային հնչեղություն ստացավ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի և բնապահպանական ակտիվիսիստների ջանքերով, մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Գլխավոր ճարտարապետի,«Ավագշինի» ներդրողի և բնակիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպվեցին, որտեղ քաղաքային իշխանությունները բնակիչներին հավաստիացրեցին, որ առանց իրենց կողմից հաստատված նախագծի շենքը չի բարձրանա: Առաջարկվեցին մի շարք փոխզիջումային տարբերակներ, որոնցից մեկն էլ շենքի հարկերի կրճատումն էր՝ հասցնելով այն մինչև յոթ հարկի: Սակայն բնակիչները այս փոխզիջմանը չգնացին, և արդյունքում կողմերը հայտնվեցին փակուղում:

 


Այս մասին Tert.am –ին հիշեցրեց Անահիտ Բախշյանը, ով մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այսուհետ էլ որպես քաղաքացի կկանգնի բնակիչների կողքին, սակայն այլևս օժտված չէ պատգամավորական լիազորություններով: Ի դեպ, դեռևս այն ժամանակ, երբ բնակիչները դեմ արտահայտվեցին յոթ հարկանի շենքի կառուցմանը, տիկին Բախշյանը կարծիք էր հայտնել , որ դա բնակիչների կողմից լավագույն որոշումը չէ, քանի որ սկզբում շատ ավելի բարձր հարկայնության կառույց էր նախատեսվում:


Տեղում գտնվող Ստոյոպա Սարֆարյանը, սակայն, ասաց, որ բնակիչները իրենց մերժումը հիմնավորել են սեյսմակայունության և այլ տեսանկյուններից և ամփոփեց, որ փաստորեն, շինարարները գործում են երեք փաստաղթերի շրջանակներում, որոնցից մեկը չկա, իսկ մյուսը «կասկածելի բովանդակության է»:


«Կառուցապատողն ունի երեք փաստաուղթ՝ քանդման, առաջադրանք՝ նախագիծ , ինչը չի արվել, և կա կակասածելի գրություն Երևանի քաղաքապետարանի բանապահպանության վարչությունից, որտեղ խոսք է գնում ծառերի տեղափոխման մասին, բայց եթե հաստատված նախագիծ չկա, ի՞նչն են տեղափոխում»,- հարցադրում արեց Ստյոպա Սաֆարյանը:


Զուգահեռաբար, Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ Նովայի պողոտայով պարփակված հատվածի բնակիչները կրկին ստորագրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ ներբակային տարածքում նախատեսվող էլիտար շինարարության:


Բնակիչների այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պաշտոնական գրությունից բխում է, որ նախքան շինարարությունը, անհրաժեշտ կլինի ամրացնել շրջակա բնակելի շենքերի հիմքերը:

Ինչպես փոխանցեց Ստյոպա Սաֆարյանը՝ չնայած ծառերի սղոցումը դադարեցվել է, բակում անհասկանալի իրավիճակ է տիրում և պարբերաբար կռիվներ են ծագում՝ շինարարների քաղաքացիական նախեձեռնության ու բնակիչների միջև: