Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման. բողոքարկման հարցը դեռ որոշված չէ

18:26 • 30.05.12

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի այսօր ավարտվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը, և վերջինս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:


Tert.am-ի հետ զրույցի ժամանակ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ ինքը հստակ դեռ չգիտի, թե վերաքննիչ դատարանում բողոքարկվելո՞ւ է քրեական գործը, թե՞ ոչ:


«Ես չեմ կարող ասել կբողոքարկե՞նք թե՝ ոչ։ Ես դեռ պետք է իմ վստահորդի՝ պարոն Օհանյանի հետ խոսեմ, նոր ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Մկրտիչ Վասակյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը և Արա Լևոնյանը մեղադրվում են Պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանը խոշոր չափսերի վնաս հասցնելու մեջ:


Այսօրվա դատական նիստի ժամանակ Մարգար Օհանյանն ասել էր, թե ինքը շատ բան է կորցրել և այլևս կորցնելու բան չունի։ Օհանյանը նաև նշել էր, թե «կարողանում է պարզ նայել» որդու և մոր աչքերի մեջ։ «Ես չեմ ամաչում նայել իմ որդու աչքերի մեջ, իմ մոր աչքերի մեջ. ես անմեղ եմ։ Եթե եղել են որոշ բացթողումներ, ապա դա էլ է հնարավոր, որովհետև ես էլ եմ մարդ, և կարող էի անել որոշ սխալներ»,- ասել էր Մարգար Օհանյանը: