Արցախի Հանրապետությունում կգործի օպերային թատրոն

13:04 • 30.05.12

Շուտով Արցախում կգործի օպերային թատրոն, այսօր լրագրոցների հետ հանդիպմանը տեղեկացրեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը և օպերային և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը:

 

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով նախաձեռնողը Արցախի Մշակույթի նախարարությունն է, որն արդեն սկսել է թատրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

«Մենք զրույցներն ենք տարել Մշակույթի նախարարության, Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսի հետ: Նրանք համոզում են մեզ, որ ուզում են զարգացնել տարածաշրջանը թե՛ տնտեսապես, թե՛ հոգևոր, թե՛ մշակութային արժեքներով»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ օպերային թատրոնի համար ոչ թե նոր շենք է կառուցվելու, այլ վերանորոգվելու է Դրամատիկ թատրոնի շենքը և համապատասխանեցվելու է օպերային շենքի պայմաններին:

 

Ինչ վերաբերում է օպերային խմբին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, այն կարող է հենց այսօր էլ ձևավորվել, քանի որ Արցախում չկա կադրերի պակաս: Նա նշեց, որ Արցախի օպերային խմբով արդեն երկու անգամ «Անուշ» օպերան են բեմադրել:

 

«Կա վերանորոգման նախագիծ և ֆինանսավորման դեպքում այն կսկսվի վերանորոգել»,- նշեց Հովհաննիսյանը` հավաստիացնելով նաև, որ ֆինանսավորող կողմն էլ գտնվել է, և մոտ 2.5 կամ 3 տարուց շենքն արդեն պատրաստ կլինի:

 

Հովհաննես Միրզոյանն էլ նշեց, որ օպերային արվեստի լավագույն երգահաններից մեկը հենց Արցախից է` Անդրանիկ Բաբայանը, ով ավելի հայտնի է Անդրեյ Բաբայև անունով:

 

«Արցախի հողը տալիս է ոչ միայն հրաշալի գեներալներ, այլև արվեստի ներկայացուցիչներ, այդ թվում օպերային արվեստի»,- նկատեց նա:

 

ՄԻրզոյանը նշեց նաև, որ Արցախում հնարավոր է՝ ստեղծվի նաև ստուդիա, որը կզբաղվի օպերային թատրոնի համար կադրերի պատրաստմամբ:


Երկու բանախոսներն էլ համաձայնեցին, որ օպերային արվեստի զարգացումը միանշանակ կնպաստի Արցախի կարգավիճակի բարձրացմանը, քանի օպերային արվեստը քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկն է: