Սեպտեմբերի 7-ին պետական այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահը. Զատուլին
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին, հնարավոր է, կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Մոտ ժամանակներս կհստակեցվի հայկական կողմի հրավերով Ռուսաստանի նախագահի` Հայաստան պետական այցի ամսաթիվը: Իմ ունեցած տեղեկության համաձայն` խոսք է գնում սեպտեմբերի 7-ին, ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ հրավերի մասին, որի անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, մի շարք այլ երկրներ»,- հայտարարեց Զատուլինը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս ամսաթիվը շատ խորհրդանշական է, սակայն պետական այցերի տեսանկյունից` ոչ այդքան հարմար:
Նրա խոսքով` սեպտեմբերի 7-ին կլրանա Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը:
«Եթե այդ օրը Բորոդինոյի դաշտում անցկացվեն հանդիսավոր միջոցառումներ, ապա դուք պետք է ներեք նախագահ Պուտինին: Նախորդ անգամ` Բորոդինոյի ճակատամարտի 100-ամյակին, Նիկոլայ 2-րդ ցարն ամբողջ օրը ներկա է գտնվել հանդիսավոր միջոցառումներին»,- նկատեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը` ընդգծելով, որ դիվանագիտական ճանապարհներով աշխատանքները սկսված են և բարեհաջող կավարտվեն:









