Սաակաշվիլին ԵՄ քաղաքացիներին պատգամավոր դառնալու հնարավորություն է տվել

13:21 • 30.05.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն ազգությամբ վրացի, սակայն ոչ Վրաստանի քաղաքացիներին, որոնք, սակայն, 5 տարի բնակվում են երկրում և ունեն Եվրամիության անձնագիր, թույլ է տրվում մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին ու պաշտոններ զբաղեցնել գործադիր մարմիններում, հայտնում է vz.ru-ն:

 

Փոփոխությունը ժամանակավոր է, այն ուժի մեջ է մինչև 2014թ.-ի հունվարի 1-ը, ներառյալ` այս տարի աշնանը կայանալիք խորհրդարանական ու 2013թ.-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակահատվածը:

 

Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ում պատճառով Արևմուտքը ճնշումներ է գործադրում Վրաստանի իշխանությունների վրա, արդեն հայտարարել է, որ չի օգտվի ընձեռված հնարավորությունից: Ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն`  Իվանիշվիլին պահանջում է իրեն վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, որից նա զրկվել է հոկտեմբերին:

Եթե նրան վերադարձվի քաղաքացիությունը, ապա ընդդիմադիրը, ղեկավարելով «Վրացական երազանք»-ը, կմասնակցի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: