Աշգաբադում տեղի է ունեցել Սարգսյան- Մեդվեդև հանդիպումը
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ԱՊՀ երկրների Կառավարության ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
«Մեր հանդիպման օրակարգն ավանդական է, մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական ու հումանիտար կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր թեմա»,- հանդիպման սկզբում ասել է Մեդվեդևը:
Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և համար առաջինը` տնտեսական համագործակցության առումով: Մեր երկրում ռուսական ներդրումները կազմում են ավելի քան 60%»,- ասել է ՀՀ վարչապետը` ընդգծելով, որ Երևանը հետաքրքրված է այդ համագործակցության խորացմամբ:









