ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Իրանից 6,6 մլրդ դոլար պահանջող նախկին գերիների հայցը
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է Իրանի դեմ դատական գործընթացի վերսկսման հայցը, որ ներկայացրել էին 1979-ին Իրանում ԱՄՆ-ի դեսպանատանը գերի վերցված տասնյակ ամերիկացիներ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Դատարանը նաև առանց փոփոխությունների է թողել դատական նախորդ որոշումը, որով մերժվում էր Իրանի դեմ 6, 6 մլրդ դոլարի հավաքական հայցը: Դատարանը գտնում է, որ Իրանի նկատմամբ պահանջներ լինել չեն կարող, քանի որ գերիներն ի վերջո բաց են թողնվել 1981-ի Ալժիրյան համաձայնագրերից հետո: Դրանցով` ԱՄՆ-ը պարտավորվում էր չմիջամտել Իրանի գործերին, իսկ Իրանը, իր հերթին, ազատ արձակել գերիներին:
1979-ի նոյեմբերի 4-ին իսլամիստ ուսանողները ներխուժել էին Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն, գերի վերցրել 63 դիվանագետի և ԱՄՆ-ի ևս 3 քաղաքացու: Նրանց մեծ մասը գերի էր պահվել 444 օր:
Հայցում ներգրավված 100-ից ավելի մարդիկ 10 հազ-ական դոլար էին պահանջում իրենց գերության յուրաքանչյուր օրվա դիմաց:









