Ադրբեջանին արժեր հնարավորինս թեթև տանել ամեն ինչ. Զատուլին
Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի պատրաստվում վայր դնել իր պարտավորությունները: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Ըստ նրա` Ադրբեջանը, օգտագործելով բոլոր պատեհ առիթները, ձգտում է ճնշում գործադրել համանախագահ երկրների վրա` դրանց ստիպելով հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում հակվել ադրբեջանական դիրքորոշմանը:
«Չնայած նրան, որ նման ջանքեր գործադրվել են, միջնորդ երկրներն անդրդվելիություն դրսևորեցին, և սկզբունքները մնացին գերիշխող: Իմ կարծիքով` այժմ ժամանակն է, որ և’ Հայաստանը, և’ Ադրբեջանը կրկին մտածեն այն մասին, թե ինչպիսի քայլեր ձեռնարկել լարվածությունը հաղթահարելու համար»,- ասաց քաղաքագետը:
Զատուլինի կարծիքով` Ադրբեջանին արժեր հնարավորինս թեթև տանել իրադարձությունները և զերծ մնալ այն պատկերացումներից, որոնք նա ուներ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին ձեռքբերված համաձայնությունը Թուրքիայի կողմից տապալելուց հետո: «Սա Ադրբեջանում ընդունվեց որպես հաղթանակ, որպես ապացույց նրա, թե Ադրբեջանը կարող է ամեն ինչ, իսկ իրականում դա չափազանցված էր»,- ասաց նա:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի խոսքով, երբ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղ այցելող անձանց «պերսոնա նոն գրատա» է հայտարարում, սա չի ավելացնում իր բանակցային հնարավորւթյունները:
«Չի եղել մի դեպք, երբ Լեռնային Ղարաբաղում կատարվող կամ առնչվող մի դեպք չառաջացնի Ադրբեջանի ռեակցիան: Այս երկիրը մտահոգվելու տեղիք կունենար, եթե չլինեին Բաքվի մշտական ռազմատենչ հայտարարությունները, ի դեպ, ամենաբարձր մակարդակով հնչող: Եթե սա չլիներ, ՄԱԿ-ին դիմելը կունենար բարոյական հիմք»,- ասաց ռուս քաղաքագետը` մեկնաբանելով Ստեփանակերտում մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի 67-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի ձևավորման 20-ամյակներին նվիրված ռազմական շքերթի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունը:
Ըստ նրա` Ադրբեջանը մտահոգվելու բարոյական իրավունք կունենար, եթե այս երկրում մշտապես չասվեր` «եթե բանակցային գործընթացը չընթանա այնպես, ինչպես պետք է, մենք ուժ կկիրառենք»:









