Քննարկվում է ռուսական տիեզերանավով հայ տիեզերագնաց ուղարկելու հարցը

16:08 • 30.05.12

Լրջորեն քննարկվում է ռուսական տիեզերանավով հայ տիեզերագնացի` տիեզերք ուղարկման հարցը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում, խոսելով հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունների ու զարգացման նոր հեռանկարների մասին, ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով` շուտով իր աշխատանքները կվերսկսի Բյուրականի աստղադիտարանը:

 

«Միջոցները, որոնք թույլ կտան աստղադիտարանին ընդգրկվել տիեզերական աղբի դեմ պայքարի առևտրային ծրագրում, ՌԴ-ից արդեն ստացվել են»,- ասաց Զատուլինը:

 

Ըստ նրա` այս քայլերը վկայում են երկու երկրների բազմակողմ զարգացող հարաբերությունների մասին:


Նշենք, որ Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության` «Ռոսկոսմոս»-ի և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի համագործակցության շրջանակում, ռուսական կողմը մինչև 2 մլն եվրո կտրամադրի հայկական կողմին` Բյուրականի աստղադիտարան նոր աստղադիտակներ բերելու համար, որոնք հարմարեցված են լինելու կոնկրետ տիեզերական աղբի դիտման ու արձանագրման աշխատանքների համար: