Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի հետ

16:21 • 31.05.12

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունից:

 

Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:


ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

 

ԱՊԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում:


Արաբական պետությունների լիգան հիմնադրվել է 1945թ.` որպես արաբական երկրները միավորող միակ միջտարածաշրջանային կազմակերպություն: Ունի 22 անդամ:

 

Նաբիլ ալ-Արաբին ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2011թ. հուլիսից: