2010-ին Հայաստանում ծխող է համարվել տղամարդկանց 62, իսկ կանանց 2%-ը

13:54 • 31.05.12

2010 թ-ի տվյալներով` ծխող է համարվում 15-48 տարեկան հայ տղամարդկանց 62%-ը, իսկ կանանց շրջանում ծխողների թիվը կազմում է 2 %:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանն ասաց, որ 2009 թ.-ի տվյալներով արական սեռի ծխողների թիվը կազմել է 63%:
Արուսյակ Հարությունյանը նաև անդրադարձավ «պասիվ ծխողներին» և նշեց, որ օրենքի ոչ լիարժեքության հետևանքով ոտնահարվում են նրանց իրավունքները։


«Հանրային վայրերում դեռահասներից 10-ից 8-ը ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Սա գալիս է նրանից, որ օրենքը հանրային վայրերում չի պաշտպանում դեռահասների և առհասարակ չծխող բնակչության շահերը»,- ասաց նա:
Ներկա օրենսդրությամբ՝ ծխելու արգելքն ամբողջությամբ գործում միայն կրթական, մշակութային հաստատություններում և հասարակական տրանսպորտում:


Բանախոսը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ժամանցի և սննդի վայրերում օրենսդրական որևէ արգելք չի գործում, և նման վայրերում ո՛չ չծխող քաղաքացիների, ո՛չ աշխատակիցների իրավունքները պաշտպանված չեն: