Ասադի հեռացման շուրջ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը սարերի ետևում չէ. ԱՄՆ
Ռուսաստանը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնությանը: Այս մասին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ԱՄՆ-ի և մուսուլմանական երկրների գագաթնաժողովի ժամանակ այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դենիս ՄըքԴոնահը:
«ԱՄՆ-ը վստահեցնում է, որ Ասադին իշխանությունից զրկելու շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունը սարերի ետևում չէ»,- ասել է նա` հավելելով, որ Ասադի ռեժիմը կորցրել է լեգիտիմությունը:
Միևնույն ժամանակ, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Սիրիայի հարցում ՌԴ դիրքորոշումը «զերծ է զգացմունքայնությունից» և չի փոխվի ոչ մի ճնշման ներքո:
Ի դեպ, Սիրիայի կառավարության որոշմամբ` ընդդիմադիրների հետ կապեր ունենալու մեղադրանքով ազատազրկված 500 բանտարկյալ այսօր ազատ է արձակվել: Իշխանությունների այս քայլին նախորդել էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կոչն այդ մասին:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը նախագահ Ասադին 48 ժամ էր տվել Քոֆի Անանի ծրագրի կատարման համար, հակառակ դեպքում` սպառնալով «հետևանքներով»:
Մի շարք երկրներ Սիրիայի իշխանություններին սպառնացել են ռազմական գործողություններով, եթե երկրում բռնությունները չդադարեցվեն: Պատճառը մայիսի 25-26-ին սիրիական Հուլա քաղաքի սպանդն է, որին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:









