Բրազիլիայի 30.000-ի հասնող հայ համայնքի մեծ մասը հայախոս չէ. Օշին Լեոն Մոստիչյան

14:06 • 31.05.12

Բրազիլիայում 30,000-անոց հայ համայնքի արդեն 5-րդ սերունդն է մեծանում է, սակայն նրանց հիմնական մասը հայախոս չէ, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը, ով Հայաստանում է այս օրերին մի խումբ համայնքի ներկայացուցիչների հետ:


Մոստիչյանը նկատեց, որ ունենալով այդչափ համայնք՝ Բրազիլիայի գաղութում, մասնավորապես, Սան Պաուլո քաղաքում, որտեղ և հիմնականում հաստավել են հայերը, գործում է ընդամենը մեկ դպրոց, որն ունի 100 աշակերտ։ Իսկ նախկինում եղած մյուս երկու դպրոցները, ըստ նրա, փակվել են աշակերտների բացակայության պատճառով:


«Միայն մնացել է Դուրյան հայ ազգային վարժարանը, որտեղ հաճախում են 90-100 աշակերտ՝11 դասարանով և մանկապարտեզով»,- ասաց նա:


Աշակերտների փոքր քանակը, ըստ նրա, պայմանավորված է նաև նրանով, որ համայնքի մեծ մասը չի խոսում հայերեն: Ավելին, այդ դպրոցում նաև կրթությունը ոչ թե իրականացվում է հայրերեն, այլ պորտուգալերեն:


Բացի այդ նա նկատեց, որ Սան Պաուլո քաղաքն ունի 17 մլն բնակչություն, իսկ նման մեծ քաղաքում անհնար ամեն օր հաճախել քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող դպրոց:


«Քանի որ հայախոս չէ հիմնական մասը, հայրենիքի զանազան դեպքերի մասին նույնպես քիչ են տեղեկացված, բայց, այդուհանդերձ, կա միություն, ընտանիքիներ, որոնք հաճախ բարձրացնում են այդ հարցերը և փորձում օգտակար լինել հայրենիքին: Պետք է ասել, որ մասնակցողների թիվը 20.000-ից ավելի է»,-ասաց Օշին Լեոն Մոստիչյանը:


Ըստ նրա, 1988թ-ի երկրաշարժից հետո համայնքում ձևավորվում է միություն՝ հայրենիքին օգնություն հասցնելու համար, որն արդեն իսկ տեղափոխվել և գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում:


Բրազիլիայում հայ համայնքն ունի Հայ առաքելական երկու եկեղեցի, որոնց թեմը միացված է Էջմիածնին։ Կաթոլիկ համայնքի կողմից կառուցված է ևս մեկ եկեղեցի և մեկն էլ բողոքական եկեղեցի է: