Կանադայի Մարդու իրավունքների թանգարանում ներկայացված է նաև Հայոց ցեղասպանությունը

13:14 • 31.05.12

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հրավերով, մայիսի 29-ին Մոնրեալի Հայկական կենտրոն են այցելել Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի հանրային կապերի պատասխանատու Անժելա Քասին ու արխիվային հետազոտությունների բաժանմունքի վարիչ, դոկտոր Քլինթ Քըրլը:


Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց կանադական «Հորիզոն»-ը, այցի նպատակն էր կանադահայության համայնքային ղեկավար մարմինների ներկայացուցիչներին իրազեկել Մարդու իրավունքների թանգարանի մասին:


Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը, բացելով հանդիպումը, խոսքը փոխանցել է Անժելա Քասին, ով ներկայացրել է թանգարանի մասին տեղեկություններ: Այն գտնվում է Մանիթոբա նահանգի Ուինիփեգ քաղաքում: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2007-ին և կավարտվեն 2014թ.-ին:


Նա մանրամասնորեն ներկայացրել է տարբեր հարկերում գտնվող տաղավարները: Թանգարանի մուտքի մոտ գտնվող առաջին տաղավարում ներկայացվում են մարդ- անհատի իրավունքների համաշխարհային պատկերացումները, հաջորդ տաղավարում` Կանադայի բնիկ հնդկացիական ցեղերի պատմությունն ու մշակույթը և նրանց իրավունքների ոտնահարումը: Հաջորդ սրահներում ներկայացվում են արխիվային լուսանկարներ ու վավերագրական ժապավեններ:


Թանգարանի երրորդ հարկում է գտնվում ցեղասպանություններին նվիրված բաժինը: Հրեական Հոլոքոսթի բաժնի` Ռաֆայել Լեմկինին նվիրված տաղավարում տրվում է «ցեղասպանություն» եզրույթի բացատրությունը, որի մեջ նշվում են տարբեր ցեղասպանությունների մասին: Ներկայացվում է հրեական, հայկական, ռուանդական ցեղասպանությունների պատմությունը, Սրեբրինիցայի ջարդերը:

 

Երրորդ հարկի վերջին ենթաբաժինն անդրադառնում է ցեղասպանության ժխտմանն ու ուրացմանը և այդ երևույթը միջազգայնորեն դատապարտելու անհրաժեշտությանը:

 

Անժելա Քասին հայտնել է, որ թանգարանը դաստիարակչական ծրագիր է մշակում, որի նպատակն է Կանադայի վարժարանների բարձր դասարաններում ուսուցանել մարդու իրավունքների ու ցեղասպանությունների պատմությունը: