Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգևատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով

18:42 • 31.05.12

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսը մայիսի 29-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն այցելության շրջանակներում պարտգևատրվել է Վալերի Բրյուսովի անվան շքանշանով։


Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ:


Քերոլայն Քոքսն իր փորձով կիսվել է ռուս-բրիտանական և հայ-բրիտանական մշակութային և հումանիտար կապերի զարգացման ոլորտում:


Զրուցել են ժողովրդական դիվանագիտության, հումանիզմի և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման մեջ կարևորության մասին:


Իբրև պատմության վառ օրինակ բերվել է անգլիացի մեծ գրող Լորդ Ջորջ Բայրոնի օրինակը, ով 1816թ. այցելել էր հայկական Մխիթարյան միաբանություն Սուրբ Ղազար կղզում և, ոգեշնչված հայ մշակույթով, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսել ուսումնասիրել հայոց լեզուն:


Իսկ Վալերի Բրյուսովը, ռուս պոետ, գրական քննադատ, թարգմանիչ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, 1916թ. ստեղծել է ռուսերեն լեզվով հայկական պոեզիայի հռչակավոր անթոլոգիան, որի միջոցով բացահայտել է «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի և հայկական պոեզիայի մեծությունը:


Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության անունից Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնել է Վալերի Բրյուսովի շքանշանը` ժողովուրդների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար:
Հանդիպմանը մասնակցել են Հումանիտար օգնության տրամադրման Բրիտանական հոգաբարձական խորհրդի ներկայացուցիչներ Հայր Դավիթ Թոմիսը, Լյուսի Քլեմենսը, հայ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը: