Ամերիկուհին հրաժարվել է բոլոր վերջույթներից` հանուն երեխայի

18:31 • 31.05.12

Ամերիկյան Տեխաս նահանգում, չնայած բժիշկների զգուշացումներին, 41-ամյա Քեյթ Հայսը որոշել է, այնուամենայնիվ, ռիսկի գնալ ու ծննդաբերել, ինչից հետո զրկվել է 4 վերջույթներից, հայտնում է Life News-ը:


Հղիության ընթացքում Vanderbilt University Medical Center կլինիկայի բժիշկները կնոջ մոտ հայտնաբերել են արագ տեմպերով զարգացող մեռուկացման մկանախրձի բորբոքում (նեկրոտիկ ֆասցիիտ) հիվանդությունը և զգուշացրել, որ եթե կինը որոշի ծննդաբերել, ապա նրա օրգանիզմում քայքայիչ գործընթացները կարող են հանգեցնել մահացու հետևանքների:

 

Սակայն Քեյթը որոշել է չլսել բժիշկներին ու հրաժարվել հղիության ընդհատումից: Նա լույս աշխարհ է բերել առողջ դուստր ու անվանակոչել Արիել: Սակայն ծննդաբերությունից 2 օր անց բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրան ու անդամահատել ձեռքերը:

«Քեյթի մոտ հայտնաբերված ստրեպտոկոկերը (շնչուղիներում ու մարսողական համակարգում ապրող բակտերիաներ-Tert.am) արագ տեմպերով տարածվել էին նրա մարմնով մեկ»,- ասել է բժիշկ Ուիլյամ Շաֆները:

 

Սակայն սա դեռ վերջը չէր. ծննդաբերությունից մեկ շաբաթ անց հեռացվել են նրա ոտքերը, իսկ 10 օր անց կինն ընկել է կոմայի մեջ, սակայն բժիշկներին հաջողվել է նրան դուրս բերել այդ վիճակից:

 

Բացի այդ, հեռացվել են նաև որոշ ներքին օրգաններ:

 

«Բարդագույն վիրահատություններից հետո, իմ կինը զրկվեց բոլոր վերջույթներից, սակայն նա համարում է, որ իր զոհաբերությունն արդարացված է: Ես պաշտում եմ նրան»,- ասել է Քեյթի ամուսինը: