Քլինթոնը ներկայացրել է Սիրիա ներխուժման պայմանը

23:08 • 31.05.12

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ Սիրիա ռազմական միջամտությունը հնարավոր կդառնա միայն մի դեպքում, եթե աշխարհում այս խնդրի շուրջ կոնսենսուսի հանգեն, հայտնում է Associated Press գործակալությունը:


Պետքարտուղարի խոսքով, ռազմական գործողություններ սկսելու համաձայնություն պետք է տան ոչ միայն ԱՄՆ դաշնակիցները, այլև այն երկրները, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին, այսինքն` Ռուսաստանն ու Չինաստանը: Միևնույն ժամանակ, նա օրինակ է բերել լիբիական սցենարը, երբ այս 2 երկրների կողմից դիմադրության բացակայության պայմաններում Լիբիայում ռազմական գործողությունները հնարավոր դարձան:


Քլինթոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները բոլոր առիթներն օգտագործում են Մոսկվային ու Պեկինին համոզելու համար, որ վերջիններս խստացնեն իրենց դիրքորոշումը Սիրիայի իշխանությունների հանդեպ:


Թե ինչ արդյունքներ է ակնկալում ամերիկյան դիվանագիտությունն այս ուղղությամբ, պետքարտուղարը չի խոսել: Նա նաև չի մանրամասնել ` անհրաժեշտությո՞ւն է, արդյոք, համարում սիրիական խնդրին արտաքին ռազմական միջամտությունը`
միայն ընդգծելով, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կհանգեցնի մերձավորարևելյան տարածաշրջանի ապակայունացման: Նրա կարծիքով` Ռուսաստանի դիրքորոշումը տանում է նրան, որ հանգամանքները հենց այս ուղղությամբ զարգանան:

 

Մինչ այս, մի շարք երկրներ Սիրիայի իշխանություններին սպառնացել են ռազմական գործողություններով, եթե երկրում բռնությունները չդադարեցվեն: Պատճառը մայիսի 25-26-ին սիրիական Հուլա քաղաքում բռնություններն էին, որին զոհ գնաց ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: