Բանջար հավաքելու ճանապարհին «Գազ 53»-ը կողաշրջվել է. 1 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր` մայիսի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի բնակիչ Ժիրայր Ղազարյանը, վարելով «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ նույն գյուղի բնակիչներ Սևակ Ավագյանը, Ժենյա Ավագյանը, Արմինե Օհանջանյանը, Նարինե Սարգսյանը, Մանուշակ Մանուչարյանը և ևս 4 հոգի, ում տվյալները ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գորիսի, մյուս մասը՝ Սիսիանի բժշկական կենտրոններ:
Վթարի հետևանքով ուղևորներից մեկը՝ Նադեժդա Հակոբջանյանը, տեղում մահացել է:
Վթարված ավտոմեքենայից վիրավորներին և մահացածի դին դուրս են բերել Սյունիքի մարզի փրկարարները, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և գյուղացիները:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և նույն վաշտի վարչական գործնեության ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի պետ Սանթուր Հակոբյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված անձինք գնում էին դաշտ՝ բանջար հավաքելու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









