Սիրիայի կառավարության հետաքննությունը բացահայտել է, որ Հուլայի սպանդը կազմակերպել են գրոհայինները
Սիրիայի Հուլա ավանում տեղի ունեցած 108 խաղաղ բնակչի սպանդը իրականացվել է զինված գրոհայինների, այլ ոչ թե կառավարական ուժերի կողմից, հայտարարել է Սիրիայի կառավարությունը իր կատարած հետաքննության արդյունքում, հաղորդում է BBC-ն:
Կառավարական հետաքննության արդյունքները ներկայացվել են այսօր երեկոյան Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Հետաքննությունը անցկացրած հանձնաժողովի ղեկավար գեներալ Կասեմ Ջամալ Սուլեյմանը հայտարարել է, որ զանգվածային սպանդը հրահրվել է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են այնպես անել, որ աշխարհը մտածի թե Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:
«Սրանք հետաքննության առաջին արդյունքներն են, սակայն այն շարունակվում է», - հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով, 800 զինված գրոհայիններ հարձակվել են սիրիական բանակի և անվտանգության ուժերի դիրքերի վրա, որոնք տեղակայված էին Հուլա գյուղի շրջանում:
Բանակը գյուղ չի մտել ո´չ մինչ հարձակումը, ո´չ էլ դրանից հետո:
«Այնպես է ստացվում, որ կարծես թե խաղաղ բնակչության շրջանի բոլոր զոհերը մարդիկ են, ովքեր հրաժարվել են ապստամբել կառավարության դեմ կամ դիմադություն են ցույց տվել զինված խմբավորումներին», - հայտարարել է գեներալ Կասեմ Ջամալ Սուլեյմանը:
Նա նաև ավելացրել է, որ երեխաների սպանությունը ոչ մի կերպ կառավարության նպատակներից չի բխում, սակայն համահունչ է զինված խմբավորումների գործելակերպին:
Ըստ BBC-ի՝ Սիրիայի Հուլա գյուղի սպանդի ականատեսները տեղի ունեցածում մեղադրում են կառավարամետ ռազմականացված «Շաբիհա» խմբավորման գրոհայիններին:









