Շուրջ երկու տարի անց քաղաքացու խնդիրը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ
2010թ.-ի սեպտեմբերին Ստեփանավան քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերացվել է Երիտասարդական փողոցի 45/41 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքի ջրագծի վթարը, որի հետևանքով դադարել է քաղաքացի Ալվարդ Մալերյանի ջրամատակարարումը: Այս մասին տիկին Մալերյանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանին` հայտնելով, որ դիմել է մի շարք պատկան մարմինների, սակայն մինչ օրս ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Գործն ուսումնասիրելով, Պաշտպանը որոշել է միջամտել և գրություն է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:
Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ի թիվս այլ տեղեկությունների, հայտնել է, որ խնդրի վերջնական լուծման և ստեղծված իրավիճակի կարգավորման նպատակով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն` օգնության կարգով, իր վրա է վերցրել նոր ջրագծի կառուցման աշխատանքների իրականացումը: Այդ նպատակով տեղամասին տրամադրվել է անհրաժեշտ խողովակներ և նյութեր: Միաժամանակ հայտնել է, որ աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում:
Քաղաքացու հետ հեռախոսազրույցից պարզ է դարձել, որ ջրագիծը կառուցվել է և իր ջրամատակարարումն ամբողջովին վերականգնվել է: Դիմումը ստացել է դրական լուծում:









