ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական գործողություններ չի ծրագրում. ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
«ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական գործողություններ չի ծրագրում»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը:
«Այո, ավելի վաղ մենք կայացրել ենք Լիբիայում ռազմական գործողություններ անցկացնելու մասին որոշում, սակայն դրա համար կային նախադրյալներ: Սակայն Սիրիա ներխուժումը երկրում ճգնաժամը կարգավորելու մեթոդների թվում չի դիտարկվում»,- ասել է Դաալդերը:
Նրա խոսքով` Սիրիայում ճգնաժամը չի կարելի համեմատել Լիբիայում անցյալ տարի տիրող իրավիճակի հետ (ազգային հուզումների արդյունքում երկրի առաջնորդ Մուամար Կադաֆին սպանվեց): Ըստ մշտական ներկայացուցչի` Լիբիա ներխուժման համար կար 3 պատճառ` լիբիական ընդդիմության խնդրանք, տարածաշրջանի երկրների կողմից աջակցություն ՆԱՏՕ-ի գործողություններին ու ՄԱԿ-ի բանաձին համապատասխան օրենսդրական հիմք:
«Սիրիայի դեպքում նման նախադրյալներ չկան, և հետևաբար, ՆԱՏՕ-ն չի կարող դիտարկել երկրում ռազմական գործողությունների հնարավորությունը»,- ասել է նա:
Զուգահեռ, տեղեկություններ են հայտնվել Հուլայի սպանդից ողջ մնացածների մասին: Այդպես այսօր տարածվել է 11-ամյա Ալի ալ-Սայեդի պատմությունը, որը փրկվել է միայն սպանված եղբոր արյունը իր վրա քսելով, ինչից տպավորություն է ստեղծվել, թե նա արդեն մեռած է: Նա միակն է, որ ողջ է մնացել 6 հոգանոց ընտանքից:









