Թեղուտի հանքի շահագործումը միայն վանաձորցի երիտասարդների խնդիրը չէ. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Երեկ նորաստեղծ «Թեղուտի հանքի պաշտպաններ» հ/կ-ն տարածել էր հայտարարություն, որում քննադատվում էր «Բնության հաշվեհարդար» ֆիլմն ու սցենարի հեղինակ Թեհմինե Ենոքյանը: Այսօր հակադարձ հայտարարությամբ հանդես է եկել «Խաղաղության երկխոսություն» վանաձորյան հասարակական կազմակերպությունը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Մայիսի 30-ին Tert.am, NEWS. am և մի շարք այլ լրատվական կայքերում հրապարակվեց վերաբերյալ հոդվածներ: Դրանցում տեղ գտած տեղեկության համաձայն, կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ-ի մայիսի 29-ին և առաջին իսկ նիստից հետո հանդես է եկել մայիսի 25-ին համացանցում տեղադրված «Բնության հաշվեհարդար» ֆիլմի եւ հեղինակ Թեհմինե Ենոքյանի հասցեին ուղղված քննադատությամբ, նաև՝ ֆիլմը համացանցից հանելու պահանջով: Ըստ կազմակերպության, ֆիլմն իբր հերյուրանքներ և ապատեղեկատվություն է տարածում Թեղուտի հանքի շահագործման և դրա հետևանքների մասին:
Բացի այն, որ ընդամենը մեկ օրվա պատմություն ունեցող կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում խոսել վանաձորցի երիտասարդների անունից, հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հկ-ի ներկայացուցիչները ֆիլմի հեղինակից պահանջում են ներողություն խնդրել, հատկապես, Վանաձոր քաղաքի երիտասարդներից, կարծես Թեղուտի հարցը վերաբերում է միայն վանաձորցի երիտասարդներին, և ոչ մի դեպքում, ասենք, մեծահասակներին կամ երեխաներին, էլ չենք խոսում Հայաստանի հանրապետության մյուս մարզերում բնակվող քաղաքացիների մասին:
Ցանկանում ենք «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպության անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Թեղուտի հանքի շահագործումը միայն վանաձորցի երիտասարդների խնդիրը չէ: Այն իր մեջ ներառում է մի շարք իրավական, տնտեսական եւ քաղաքական հարթություններ, եւ մեզանից յուրաքանչյուրն, ով իրեն համարում է ՀՀ քաղաքացի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ոչ միայն իրավասու է, այլեւ պարտավոր է հետամուտ լինել երկրում կատարվող յուրաքանչյուր անօրինականության և անարդարության բարձրաձայնմանն ու դրա դեմ պայքարին:
Տարօրինակը ոչ թե Թեհմինե Ենոքյանի ջանքերն են՝ «ապակողմնորոշելու» վանաձորցի երիտասարդներին, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տվյալ դեպքում՝ վերոհիշյալ հկ-ի դիրքորոշումն ու խորհուրդը երևանցի երիտասարդներին՝ «քիթը չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով»:
Հարգելի՛ ՀԿ, Թեղուտի հարցը միայն լոռեցիների խնդիրը չէ. խնդիրը կարևոր է և այժմէական՝ ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների, այլ անգամ, Կովկասյան տարածաշրջանում բնակվող յուրաքանչյուրի համար: Ցավալի է, որ նման վիթխարի նշանակության խնդրի կապակցությամբ մարդկանց տարբերակում եք ըստ մարզերի կամ քաղաքների:
Խորապես համոզված ենք, որ քաղաքացիական հասարակության կարևորագույն գործառույթներից մեկն էլ հենց այն է, որ ժողովրդի ձայնը հասանելի դարձնի իշխանություններին, պահանջի նրանից իրականացնել օրինական գործողություններ և հետամուտ լինի օրենքի կիրառմանը, ոչ թե ակամա (գուցե կամա) աջակցի իշխանությունների և օլիգարխիկ կլանների կողմից իրականացվող իրավախախտումներին, քանզի Թեղուտի հանքի շահագործման հարցում ՀՀ իշխանությունները խախտել են ՀՀ Սահմանադրությունը, մի շարք օրենքներ և միջազգային համաձայնագրեր (մանրամասն՝ տես «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, «Թեղուտի հանքարդյունաբերության ծրագրի իրավական խախտումները» հայտարարության տեքստում):
Ի դեպ, նշենք, որ Թեհմինե Ենոքյանի հետ անձնական ծանոթություն չունենք, սակայն ողջունում ենք վերջինիս նախաձեռնությունը՝ խնդիրը բարձրաձայնելու, հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ նման լուրջ և հրատապ խնդրի վրա հրավիրելու համար:









