«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը քննարկեց իր հետագա անելիքները

14:56 • 31.05.12

«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը Քաղաքացիական ազգային նախաձեռնության շենքում գումարեց իր առաջին ժողովը: Այստեղ էին հավաքվել ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ընկերության անդամ Սոնա Այվազյանը և մի շարք ակտիվիստներ:

 

Ստյոպա Սաֆարյանը ժողովին նշեց, որ Փակ շուկայի շենքի քանդելիս կատարվել է օրենքի խախտում և մեղավորները պետք է պատժվեն:

 

«Պետք է պարզել, թե ինչ հիմնավորումներով և ինչու է սեփականաշնորհվել Փակ շուկան, եթե ընդգրկված է եղել հատուկ պաշտպանության շինությունների շարքում: Եթե շինությունը իրենից ներկայացնում է մշակութային կոթող, ապա պետք է լինի դրա պահպանության ձևերի մասին փաստաթղթեր: Պետք է իմանալ ինչ պատասխանատվություններ են ստանձնել սեփականաշնորհողները, և ով է թերացել դրա պահպանման հարցում»,-ասաց նա:

 

Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ այսօր շատերը անգամ չեն հասկանում, թե ինչու այդ շուկայի շենքը պետք է լինի ճարտարապետական արժեք: «Հանրությանը պետք է բացատրել այդ շինության առանձնահատկությունը, նաև ինչ նշանակություն ունի հետագա սերունդների համար այն՝ որպես պատմության վկայություն»,-ասաց նա:

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ևս հավաստիացրեց, որ Երևանի Փակ շուկան մեր քաղաքի պատմական արժեքներից է, որտեղ որդին հոր հետ միշտ շուկա է գնացել:

 

«Ես չեմ հավատում այն բանին, որ շենքը ամուր չէ: Քանի որ այն ժամանակ եբ կառուցվում էր շուկան, շինությունները շատ ավելի ամուր էին կառուցում, քան այսօր»,-ասաց նա:

 

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ երկրորդ հավաքին իրենք կփորձեն հրավիրել այս հարցում պատասխանատու անձանց: