Դժբախտ պատահար Երևանում. շինության փլուզման արդյունքում տղամարդը մնացել է փլատակների տակ և մահացել (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 31-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 15–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն Շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող նախկին Արդարադատության նախարարության շենքի հետնամասում գտնվող կաթսայատանը տեղի է ունեցել փլուզում և փլատակների տակ մարդ կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ փոխգնդապետ Գագիկ Բակունցի գլխավորությամբ։
Փրկարարների աշխատանքները ղեկավարում էր Փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ-մայոր Վաչագան Նիկողոսյանը:
Պարզվել է, որ նշված շինությունում քանդման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում և փլատակների տակ է մնացել 59–ամյա Միշա Խաչատրյանը, ով նշված վայրում զոդման աշխատանքներ էր իրականացնում։
Ժամանել են նաև Ոստիկանության կենտրոնականի բաժնի քննչական խումբը։ Ոստիկանության կենտրոնականի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ քանդման աշխատանքները իրականացնում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









